
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ ծրագրերի ավագ պատասխանատու Մայա Ստոյանովիչը, ԵԽ փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպան, «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի պատասխանատու Հակոբ Գաբրիելյանը և ՄԻՊ ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը: Քննարկվել են ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
Զրույցի շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծել է մեր երկրում ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։
Իր հերթին Անգելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
Դիտումների քանակ1