Ավտոմեքենան մխրճվել է երկրպագուների մեջ Լիվերպուլի չեմպիոնական շքերթի ժամանակ. կան տուժածներ

Մայիսի 26-ին Լիվերպուլի կենտրոնում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել. ավտոմեքենան մխրճվել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ամբոխի մեջ, որոնք նշում էին Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ուոթեր-սթրիթ փողոցում՝ ժամը 18:00-ից հետո: Վկաների խոսքով՝ մեքենան մեծ արագությամբ մխրճվել է բազմության մեջ՝ ազդանշաններ տալով: Ըստ տարբեր աղբյուրների՝ տուժել է մինչև 17 մարդ, որոնցից մի քանիսը հոսպիտալացվել են:

Մեքենան կանգնեցվել է դեպքի վայրում, իսկ վարորդը՝ 53-ամյա լիվերպուլցի բրիտանացի, ձերբակալվել է: Քննությանը միացել է Հյուսիսարևմտյան հակաահաբեկչական ոստիկանությունը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիեր Սթարմերը միջադեպը որակել է «սարսափելի»՝ շնորհակալություն հայտնելով արտակարգ ծառայություններին արագ արձագանքի համար:

«Լիվերպուլ» ակումբը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մեր մտքերն ու աղոթքները տուժածների հետ են: Մենք սերտ կապի մեջ ենք Մերսիսայդի ոստիկանության հետ և լիովին աջակցում ենք նրանց»:

Միջադեպը տեղի է ունեցել «Լիվերպուլի»՝ պատմության մեջ 20-րդ չեմպիոնական տիտղոսը նշելու օրը: Շքերթին մասնակցում էին թիմի աստղեր Վիրջիլ վան Դայկը և Մոհամեդ Սալահը:

Լիվերպուլի քաղաքապետարանը, շտապօգնության ծառայությունները և ոստիկանությունը շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները:

Leave a Comment