
Մեր երկրի քաղաքական դեգրադացիոն ու իրավական փլուզումը շարունակվում է բոլոր հնարավոր հարթակներում: Ընդ որում, առավել նվաստացուցիչը այս ամբողջ պատմության մեջ այն է, որ ստորացումը, մի ամբողջ ազգի արժանապատվության վրա «ղումար» խաղալը` Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ հրահանգով, ներկայացվում է որպես միակ ճիշտ ճանապարհը դեպի բաղձալի խաղաղություն։ Իսկ իրականում ՀՀ իշխանությունների որդեգրած պահվածքը անխուսափելի բերելու է ուղիղ դեպի Հայաստանի Հանրապետության ֆիզիկական ոչնչացման։ Սա փաստ է և պետք չէ հիմա թաքնվել ինչ որ խորիմաստ պատրանքների ետևում։ Ներկայիս իշխանությունը հայերին, որպես պետականաստեղծ ԱԶԳ մատաղ է անում, հանուն իրենց իշխանության պահպանման։ Հիշեք, որ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները ձեզ ասում են, որ նույնիսկ ցանկացած սադրանքի դեպքում պատերազմ չի լինի, քանի որ իրենք չեն պատրաստվում պատերազմել, քանզի գնում են դեպի «խաղաղություն», ապա դա նշանակում է միայն մեկ բան. Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլի, որը նրանց թելադրում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Կրկնում եմ, ցանկացած քայլի, ընդհուպ մինչև վերածելու Հայաստանը «արեւմտյան ադրբեջանի», անվանելով այդ գործընթացը «որպես իրական Հայաստանի» կերտում։ Դրա համար արդեն շատ ակտիվ տեղի է ունենում «հպարտ քաղաքացիների» ուղեղի լվացքը` տարատեսակ տեղեկատվական գրոհներով, պատերազմի վախը գեներացնելով, մարդկանց ստորացված և ընկճված վիճակում պահելով։ Որպես երկրի ապամոնտաժման նախապատրաստական գործընթաց կարելի է դիտարկել, թե ինչպես է իշխանությունը հայտարարում իր պատրաստակամության մասին` «փոխել սահմանադրությունը՝ հանուն խաղաղության»։
Սա ուղղակի տիեզերական աբսուրդ է, քանզի յուրաքանչյուր միջազգային պայմանագիր կամ համաձայնագիր ձևավորվում է ըստ Հայաստանի Սահմանադրության պահանջների, այլ ոչ թե հակառակը, երբ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխվում է` համաձայն իշխանության կողմից իրականության աննորմալ կոնյունկտուրային. տվյալ դեպքում հակապետական, հանցավոր, դավաճանական կոնյունկտուրային, որի միակ իմաստը սրանց իշխանության պահպանումն է, նույնիսկ պետության, երկրի եւ ժողովրդի ապագան թուրքի երախը նետելով: Եվ այո, սա երկրի ինքնիշխանության և անկախության կորստի ամենանվաստացուցիչ դրսևորումն է:
Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյան