
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը որոշել է Երևանի Հանրապետության Հրապարակը վերածել զբոսայգու, մեքենաների համար նախատեսված ճանապարհը դարձնել հետիոտնի և հեծանիվների համար նախատեսված երթուղու։
Առաջին հայացքից գեղեցիկ նախագիծ է, սակայն ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այս նախագիծը, ի՞նչ կարող է թաքնված լինել այս փոփոխության տակ.
Սահմանափակել Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի մոտ՝ վարչապետի նստավայրի դիմաց, մեծաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպելը, դադարեցնել իր (Նիկոլ Փաշինյանի) իշխանության դեմ երթեր ու հանրահավաքներ անելը, արգելել Հանրապետության հրապարակում ռազմական շքերթները։
Հ. Գ.
Փաստորեն Երևան քաղաքում
• Հանրային տրանսպորտի,
• Երթևեկության խցանումների,
• Փողոցների բեռնաթափման,
• Օդի ախտոտվածության,,
• Հեղեղատարերի ու կոյուղատարերի կառուցման, նորոգման և փոխարինման,
• Քաղաքացիների անվտանգության,
• Սոցիալական խնդիրների
հարցերը ամենակարևորը չեն։ Ըստ Տիգրան Ավինյանի Երևանում ամենակարևոր հարցը հետիոտնային հատվածները ավելացնելն է»։
Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ, մասնավորապես, մշակվել է Երևանի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որոնցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների շնորհիվ առաջարկվել է երթևեկության սահմանափակում՝ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Որպես առաջին քայլ՝ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել նշված սահմանափակումները: