Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան երկօրյա այցով ժամանել են Կանադա։ Թագավորական զույգին հրավիրել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որն օդանավակայանում անձամբ է դիմավորել Չարլզին և Կամիլային։
Թագավորը, որը Ազգերի համագործակցության պետությունների անդամ Կանադայի ղեկավարն է, հանդես կգա գահակալական ճառով։ 76-ամյա միապետը ելույթ կունենա երեքշաբթի օրը Սենատում։
Սա Չարլզ III թագավորի առաջին այցն է Կանադա թագադրվելուց հետո։ Նրա մայրը՝ Եղիսաբեթ II թագուհին, Կանադայում գահակալության ճառը արտասանել է երկու անգամ՝ 1957 և 1977 թվականներին։
Կանադայի կառավարության մասնակցությամբ գրված ելույթում թագավորը, ինչպես սպասվում է, կպաշտպանի Կանադայի ինքնիշխանությունը և կհակադրվի Թրամփի պնդումներին, թե Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։
Լրագրողների հետ հարցազրույցում վարչապետ Քարնին ընդգծել է, որ իր նորաստեղծ կառավարությունը մտադիր է կառուցել «նոր տնտեսական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ», որը, նրա խոսքով, «այլևս չի կարող համարվել հուսալի գործընկեր»։
Նա հայտարարել է այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու միջոցով առևտուրը դիվերսիֆիկացնելու ծրագրերի մասին։
Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները մաքսատուրքեր է սահմանել կանադական մի շարք ապրանքների, այդ թվում՝ պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա, ինչը երկրի տնտեսության հետ կապված մտահոգություններ է առաջացրել։։