Անվճար տեղերի որոշակի աճ ունենք, փոխարենը կրճատում ունեցել ենք վճարովի տեղերի թվում. Անդրեասյան – HayqNews

2025-2026 ուսումնական տարվա ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ բակալավրի և նաև ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է ընդհանուր առմամբ 3118 տեղ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելու ձեւաչափում շփման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է տարբեր բուհերում 400 անվճար տեղ կրճատվել։

«Դրանից 2118-ը հատկացվել է պետական, ոչ պետական հաստատություններին, մնացածը արդեն միջպետական համաձայնագրերի շրջանակներում մեր պարտավորություններով է տրված։ Այս 2118 տեղից 1273-ը կամ 61%-ը, սթենդ ոլորտին է հատկացվել, սա նախորդ տարվա և ընդհանուր առմամբ վերջին տարիների մեր քաղաքականությունն է շարունակում։ Այդ իմաստով մենք տարեց տարի ավելացնում ենք բնագիտամաթեմատիկական ուղղություններով պետպատվերով տեղերի թիվը, ինչը նշանակում է, որ մենք ոչ միայն չունենք կրճատում, այլ մենք ունենք նաև որոշակիորեն աճ։

Սակայն ես պետք է նշեմ, որ իրականում մենք կրճատում ունեցել ենք վճարովի տեղերի թվում, և պետք է ասեմ, որ մեր բուհերը ավանդաբար վճարովի տեղերի այնպիսի թվաքանակ էին հատկացնում, որը ընդունելության տեսանկյունից բոլորովին անտրամաբանական էր։ Սա բերում էր նաև նրան, որ մենք ընդունելության գործընթացի ավարտից հետո ունենում էինք որոշակի ցուցանիշներ, որոնք չէին արտացոլում իրականությունը։ Այս տարի մենք ունեցել ենք հստակ քաղաքականություն, որ վճարովի տեղերի տրամաբանությունը պետք է հիմնվի նախորդող տարիների ընդունելության արդյունքների վրա։  10 հազար ընդունելության վճարովի տեղ է սահմանվել, և բնականաբար կախված լիցենզիոն հնարավորություններից, դրանք բուհերում բաշխված են։ Անվճար տեղերը ընդհանրապես չեն կրճատվել»,–ասաց նախարարը։

Leave a Comment