«Այսօր գետը մակարդակը բավականին իջած է եղել, և ջրասուզակն է հայտնաբերել երեխայի դին գետից, ընդ որում՝ ոչ թե ջրի վրայից, այլ խորքից՝ գետի հատակից»

Մարմարիկ գետում անհետանալուց 20 օր անց հայտնաբերված 2-ամյա փոքրիկի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Երեկ ՆԳ նախարարն այցելած է եղել փոքրիկ Տիգրանի ընտանիքին, այսօր առավոտյան գետի հատակից հայտնաբերել են երեխայի մшրմինը

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքներից, թե ինչպես է հաջողվել գտնել նրա մարմինը հենց այսօր առավոտյան, նաև որոշ տեղեկություններ հայտնեց երեխայի հարազատների հետ շփումներից։

«Շուրջ 20 օր ամեն առավոտ, վաղ առավոտից վերսկսվում էին որոնողական աշխատանքները և դադարեցվում էին միայն մութն ընկնելուն պես։ Եվ այսօր նույնպես վաղ առավոտից վերսկսվել էին որոնողական աշխատանքները, և ժամը 10:40-ի սահմաններում Մարմարիկ գետում, «Հրազդան ՋԷԿ»-ի մոտական կամրջի մոտ ջրասուզակը հայտնաբերել է որոնվող երեխայի դին։ Քսան օր շարունակ ինտենսիվ աշխատանքները շարունակվում էին, որին մասնակցում էին թե՛ փրկարար ծառայողները, թե՛ ոստիկաններ, քննարկվել են բոլոր տարբերակները, բոլոր վարկածները, վերջին շրջանում նաև գետի հոսքի հետ կապված փոփոխություններ են իրականացվել, և արդեն վերջին մի քանի օրերին գետի հոսքը բավականին նվազել էր՝ համեմատած առաջին օրերի հետ։ Եվ այսօր կամրջի տակ հայտնաբերվեց, ցավոք սրտի, երեխայի դին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե գետի հոսքի փոփոխությո՞ւնն է նպաստել, որ երեխան հայտնաբերվի, քանի որ նախորդ օրերին ջրասուզակը մի քանի անգամ նույն տարածքում փնտրել է ու չի գտել, Նարեկ Սարգսյանն ասաց․ «Ինչպես նշեցի, գետի հոսքի հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել, և այսօր գետը մակարդակը բավականին իջած է եղել, և ջրասուզակն է հայտնաբերել երեխայի դին գետից, ընդ որում՝ ոչ թե ջրի վրայից, այլ խորքից՝ գետի հատակից»։

Ինչ վերաբերում է Տիգրանի հարազատներին, նրանց հետ այս օրերին տեղի ունեցած շփումներին, ապա ՆԳՆ լրատվական ծառայության ղեկավարն ասաց, որ մշտապես ընտանիքի հետ կապի մեջ են եղել թե՛ փրկարար ծառայության, թե՛ ոստիկանության աշխատակիցները, իսկ երեկ էլ Տիգրանի հարազատների խնդրանքով երեխայի ընտանիքի հետ հանդիպում է ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Ընտանիքի կողմից վերջերս նամակ էին գրել ՆԳ նախարարի էլեկտրոնային փոստին՝ ցանկություն հայտնելով հանդիպել նախարարի հետ, երեկ ՆԳ նախարարը այցելել է փոքրիկի հարազատներին՝ քննարկելու ընդհանուր իրավիճակը, վարկածները, տարվող աշխատանքները, որից հետո նաև որոշակի հանձնարարականներ է տվել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment