Ուկրաինան հայտնել է Օդեսայի նավահանգստին ռուսաստանյան հրթիռային հարվածի մասին. կա 1 զոհ, 8 վիրավոր

Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի քաղաքացիական նավահանգստին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ աշխատակից, ևս ութը վիրավորվել են, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի վերականգնման հարցերով փոխվարչապետ, Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբայի և Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի Telegram-ում արած հայտարարություններին։
«Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսայի նավահանգստին»,- հայտնել է Կուլեբան։
Ըստ նրա տեղեկությունների, հարվածի հետևանքով զոհվել է նավահանգստի մեկ աշխատակից։
Եվս ութը վիրավորվել են, նրանք նույնպես ձեռնարկության քաղաքացիական աշխատակիցներ են եղել։
«Նրանցից չորսը ծանր վիճակում են։ Բոլորին օգնություն է ցուցաբերվում»,- պարզաբանել է նախարարը։
Ըստ նրա, հարձակման հետևանքով վնասվել է մեքենայական բաժանմունքը, կոտրվել են վարչական շենքերի պատուհաններն ու դռները, ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ և տեխնիկա։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ պատերազմի ընթացքում Ռուսաստանը վնասել և ոչնչացրել է գրեթե 400 նավահանգստային ենթակառուցվածք, ավելի քան 30 նավ, ինչպես նաև ռուսաստանյան հարձակումների հետևանքով տուժել է 106 քաղաքացիական անձ։

Leave a Comment