Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում արցախահայության իրավունքներով զբաղվող CSI-ի դեմ

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ պահանջելով քննարկել ՄԱԿ-ում արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպությանը խորհրդատվական կարգավիճակից զրկելու հարցը, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

«Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և այլ հանցանքների մասին, այդ թեմաներով միջոցառումներ է իրականացնում, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպությանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ» իրականացնելու մեջ և հանձնաժողովին խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երևացող անհամապատասխանությունը» ՄԱԿ-ի պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակում կարծում են, որ ՄԱԿ-ում Ադրբջանի ներկայացուցչության կողմից սկսված գործընթացի նպատակը CSI-ին ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակից զրկելն է։

«2024-ի հուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպել էր հարակից ձեռնարկ՝ նվիրված արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանը։ 2024-ի հոկտեմբերի 1-ին և 2025-ի մարտի 18-ին անցկացվել են միջոցառումներ, որոնց առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրը։ Ադրբեջանի բողոքում CSI-ին մեղադրել են «անվավեր կամ հորինված անվանումներ» օգտագործելու մեջ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչպես նաև «Ադրբեջանի աղավաղված քարտեզ» ցուցադրելու մեջ, այսինքն՝ քարտեզ, որտեղ ընդգծված է պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ գրասենյակի՝ եթե Ադրբեջանին հաջողվի հասնել CSI-ին խորհրդատվական կարգավիճակից զրկելուն՝ կնշանակի ոչ միայն մարդու իրավունքների ոլորտում քննադատության սահմանափակում, այլև նույնիսկ ԼՂ գոյության մասին հիշատակման արգելք։

«Տարածքը էթնիկ զտման ենթարկելով և մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ ոչնչացնելով՝ Ադրբեջանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրության հիշողությունից»- հավելել են գրասենյակից։

ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովն Ադրբեջանի բողոքը և CSI-ի գրավոր արձագանքը կքննարկի մայիսի 23-ին։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն 

Leave a Comment