Նորվեգացին իր այգում հսկայական նավ է «հայտնաբերել» — Հայաստանի Հանրային Ռադիո

Նորվեգիայի Տրոնդհայմ քաղաքին մոտ գտնվող Բինեսեթ համայնքում մի տղամարդ արթնացել է և զարմանքով հայտնաբերել, որ հսկայական բեռնանավը բախվել է իր տան առջևի այգուն։

Կիպրոսի դրոշի ներքո նավարկող 135 մետրանոց բեռնանավն այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով մոտ ժամը 05:00-ին, մետրերի հեռավորությամբ սահել է Յոհան Հելբերգի տան կողքով, բախվել ափին՝ հայտնվելով քաղաքացու այգում։

Հելբերգին լուրը հայտնել է նավի ձայնից արթնացած հարևանը։

Հելբերգը Guardian-ին պատմել է. «Ես մոտեցա պատուհանին և բավականին զարմացա՝ տեսնելով մեծ նավ։ Դա այնքան անիրական էր»։

Բեռնանավի վրա եղել է 16 անձնակազմի անդամ։ Նավը Տրոնդհայմի ֆյորդով շարժվելիս է եղել դեպի Օրկանգեր, երբ շեղվել է ուղեգծից և բախվել ափին։

Ըստ AFP գործակալության՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Նորվեգիայի ոստիկանությունը միջադեպի պատճառների շուրջ հետաքննություն է սկսել։

Նշվում է, որ այս նույն նավը նախկինում՝ 2023 թվականին, կրկին մխրճվել է ափին, սակայն կարողացել է դուրս գալ սեփական ուժերով։

Leave a Comment