Դիտում ՝ 29 589
Հայաստանի պաշտպանության նախարարի հրավերով Երևան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտին Իրան էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այդ իմաստով, Իրանի նախարարի այցը կարող է բնութագրվել անգամ որպես պատասխան այց:
Միևնույն ժամանակ, սակայն, հատկանշական հանգամանք է այն, որ այդ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել Իրանի համար ողբերգական իրադարձություն, որը, անշուշտ, ունեցել է մեծ ազդեցություն Իրանի թե՛ իշխանության, թե՛ քաղաքականության հարցում: Մայիսի 18-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, որի հետ ի դեպ Սուրեն Պապիկյանը հանդիպում էր ունեցել իր մարտյան այցի ընթացքում:
Իրանում ընտրվեց նոր նախագահ և ձևավորվեց նոր կառավարություն, ու թեև Իրանի համար քաղաքականության որոշողը Գերագույն հոգեւոր առաջնորդն է, այդուհանդերձ, հարց կառաջանա, թե արդյո՞ք նախագահի փոփոխությունը և կառավարության փոփոխությունը որոշակի տարբերություն առաջացնում է ՊՆ մակարդակում հայ-իրանական մեկամյա շփման և ներկայիս իրողությունների միջև: Հարկ է նկատել նաև, որ անցնող տարում, մասնավորապես մոտ մեկուկես ամիս առաջ, հայ-իրանական պաշտպանական գործակցությունն ամրապնդվեց սահմանին համատեղ զորավարժությամբ:
Իհարկե, իրանական և հայկական ստորաբաժանումներից յուրաքանչյուրը գործում էր իր կողմում՝ սահմանային անվտանգության նպատակադրումներով անցկացվող զորավարժության համատեքստում, բայց գործողությունը և վարժանքը համատեղ էր: Հայ-իրանական պաշտպանական գործակցության կարևորության մասին գուցե նույնիսկ ավելորդ է խոսել: Մյուս կողմից, հենց այդ օրերին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Ադրբեջանի հետ զորավարժություն են անում Արցախի օկուպացված տարածքներում:
Թեհրանի պաշտպանության նախարարի այցը, ըստ երևույթին, ծրագրվել է այնպես, որ «բալանսավորվեն» այդ երկու իրադարձությունները: Թեհրանը, իհարկե, չի խախտի այդ բալանսը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հայաստանը, իհարկե, թերևս չի էլ հավակնում ավելին, այսինքն՝ Իրանի առավել կամ արտոնյալ վերաբերմունքին: Հայաստանի պարագայում Իրանի առումով հարցը, թերևս, այն չէ, որ Թեհրանը առանձնահատուկ վերաբերի Հայաստանին, այլ որպեսզի Հայաստանի համար չառաջացնի անհարկի խնդիրներ ու խոչընդոտներ՝ կապված լոգիստիկայի հետ:
Եթե հաջողվի այդ առումով ապահովել կայուն փոխհարաբերություն, դա արդեն իսկ կլինի նշանակալի հանգամանք: Իհարկե, դա բոլորովին չի նշանակում չձգտել ավելին, հատկապես, որ Իրանն այդ տեսանկյունից կարող է լինել նաև արժեքավոր գործընկեր ռազմա-տեխնիկական գործակցության, և հատկապես ռազմաարդյունաբերական նշանակության տեսանկյունից՝ հաշվի առնելով և այն, որ Իրանը Հայաստանի հետ ունի նաև տնտեսական դյուրացված ռեժիմներ՝ դիտորդ է ԵԱՏՄ-ում, նաև ունի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիր: