Դատախազը դատարան է հանձնել սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը


Դատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


«Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում, վիճաբանության ժամանակ Ա.Ա.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ.Գ.-ի կրծքավանդակին՝ ապօրինաբար զրկելով կյանքից:


Դատախազը 2025 թվականի մայիսի 12-ին, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):


Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:


2025 թվականի մայիսի 19-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:


Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ3

Leave a Comment