«Հուսով եմ`արդյունավետ օր կլինի, և մեզ կհաջողվի հրադադարի համաձայնություն ձեռք բերել»,– այսօր նախատեսվածՊուտին–Թրամփ հեռախոսազրույցից առաջ այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հեռախոսազրույցը տեղի է ունենալու Մոսկվայի ժամանակով 17-ին, այսինքն՝ այս րոպեներին։ Ավելի վաղ այս մասին հայտնել էր նաև Թրամփը։ Նա սոցցանցում գրել էր, որ հեռախոսային բանակցությունների թեման լինելու է արյունահեղության դադարեցումը։ Եվրոպական աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի հետ զրույցից առաջ Թրամփը կապ է հաստատել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Նախատեսվում էր նաև Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, սակայն դրա մասին առայժմ տեղեկություն չկա։
Մինչև Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկումներ է ունեցել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը նշում է, որ Թրամփի ու ԵՄ երեք երկրների ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կարևորությունը։
«Կարծիքների փոխանակումը կշարունակվի Թրամփի և Պուտինի միջև նախատեսված զրույցից անմիջապես հետո ևս»,– ասվում է Գերմանիայի կառավարության խոսնակի հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահի զրույցը կենտրոնացած է եղել «Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և երկու կողմերի համար պատերազմի աղետալի ծախսերի» վրա։
Ըստ մամուլի քարտուղարի, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե Ռուսաստանը լուրջ ջանքեր չգործադրի հրադադարի և բանակցությունների համար։
Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի առաջնորդների և Թրամփի հետ զրույցից հետո X–ում գրել է․
«Նախագահ Պուտինը պետք է ցույց տա, որ խաղաղություն է ուզում՝ ընդունելով նախագահ Թրամփի առաջարկած և Ուկրաինայից ու Եվրոպայից աջակցվող 30-օրյա անվերապահ հրադադարը»։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին մտադիր է զանգահարել Պուտինին, Զելենսկիին և «ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին»։
«Քննարկումների նպատակն է արյունահեղության դադարեցումը, որի ընթացքում շաբաթական զոհվում է ավելի քան 5․000 ռուս և ուկրաինացի զինվոր»,–գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հույս է հայտնել, որ դա կլինի «արդյունավետ օր», և որ Ուկրաինայում հրադադարի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի։
Մինչև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը լրագրող Պավել Զարուբինը Telegram –ում հրապարակել է «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմից մի հատված, որտեղ հարցազրույցի ժամանակ Պուտինն ասում է հետևյալը․
«Ռուսաստանը բավարար ուժեր և ռեսուրսներ ունի Ուկրաինայի դեմ պատերազմը տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ այն արդյունքով, որը Ռուսաստանին անհրաժեշտ է»։
Ռուսաստանի նախագահը պարզաբանել է․ «Այս արդյունքը ճգնաժամն առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների ստեղծումը և ռուսական պետության անվտանգության ապահովումը, մեր ժողովրդի շահերի ապահովումը այն տարածքներում, որոնց մասին մենք միշտ խոսում ենք, որտեղ ապրում են մարդիկ, որոնք ռուսերենը համարում են իրենց մայրենի լեզուն, իսկ Ռուսաստանը՝ իրենց հայրենիքը»։
Նույն հարցազրույցում Պուտինն ասել է, որ պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերն անհրաժեշտություն չեն ունեցել միջուկային զենք օգտագործելու, և հույս է հայտնել, որ դա պարտադիր չի լինի։
Եվրոպական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ մայիսի 19-ի գիշերը Ռուսաստանը RS-24 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնամարզական արձակում է պլանավորում ։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ հրթիռն արձակվելու է Սվերդլովսկի մարզի Սվոբոդնի բնակավայրից։
Սվոբոդնիում տեղակայված է Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերի 42-րդ՝ «Տագիլ» հրթիռային դիվիզիան, որը ենթադրաբար ներառում է երեք RS-24 բալիստիկ հրթիռ՝ գրում է DW–ն:
Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է ավելի քան 10 հազար կիլոմետր։ Ուկրաինական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանի նպատակն է ցուցադրական ճնշում գործադրելն ու վախեցնելը Ուկրաինային, ինչպես նաև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։
Bloomberg-ն էլ, հղելով իրազեկ աղբյուրի, գրում է, որ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ռուսական զորքերը կկարողանան ճնշել ուկրաինացիների պաշտպանությունը և ամբողջությամբ գրավել Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, որոնց գրավման մասին Մոսկվան հայտարարել էր պատերազմը սկսելուց կարճ ժամանակ անց։
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Բեն Բարրին չափազանց ցածր է համարում հավանականությունը, որ Մոսկվային կհաջողվի մինչև տարեվերջ ամբողջությամբ գրավել ուկրաինական այդ չորս մարզերը։
Նրա համոզմամբ՝ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի ԶՈՒ-ի պաշտպանությունը փլուզվի, սակայն այս պահին նման սցենարը փորձագետին բավական անհավանական է թվում։
Bloomberg-ը նկատում է, որ Թրամփը փորձում է հասնել պատերազմի շուտափույթ դադարեցմանը, մինչդեռ Պուտինը որևէ նախանշան ցույց չի տալիս, որ մտադիր է դադարեցնել մարտական գործողությունները։