ՌԴ–ում կարգելվի childfree քարոզչությամբ բովանդակությունը․ «Հարի Փոթերն» ու «Գահերի խաղը» չեն ներառվի այդ ցանկում

ՌԴ–ում կարգելվի childfree քարոզչությամբ բովանդակությունը․   «Հարի Փոթերն» ու «Գահերի խաղը» չեն ներառվի այդ ցանկում

19 մայիսի 2025 – 17:47 AMT

PanARMENIAN.Net – 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում նոր կանոննե, որոնց համաձայն երկրում սահմանափակվելու է երեխաներ ունենալուց հրաժարվելու՝ childfree գաղափարախոսությունը տարածող բովանդակության տարածումը։ Մտավախություն կար, որ վտանգի տակ են հայտնվել հանրաճանաչ ֆիլմեր և սերիալներ, այդ թվում՝ «Հարի Փոթերը» և «Գահերի խաղը», սակայն «Ռոսկոմնադզորը» հերքել է այդ լուրերը։

Հայտարարվել է, որ վերնշյալ սերիալները, ինչպես նաև «Թղթե տնակն» ու «Սեքսը մեծ քաղաքում» չեն արգելափակվի, քանի որ չեն խախտում սահմանված չափանիշները, գրում է ՏԱՍՍ–ը։

Ռոսկոմնադզորի հրամանով, խնդրահարույց բովանդակություն է համարվում այն, որը քարոզում է երեխաներ ունենալուց հրաժարվելու խրախուսումը, այդպիսի հրաժարման արդարացումը, երեխաներ չունենալու առավելությունների մասին հաղորդագրությունները և հղիության, մայրության ու հայրության բացասական պատկերը։

«Պառլամենտսկայա գազետան» ավելի վաղ գրել էր, որ այս չափանիշներին կարող են համապատասխանել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սեքսը մեծ քաղաքում», որի հերոսուհի Սամանթան «ցույց է տալիս չայլդֆրի ակնհայտ հակումներ», և «Գահերի խաղը», որտեղ Բրիեննան հրաժարվել է երեխաներից՝ տղամարդկանց հավասար լինելու համար։ Նշվում էր, որ նույնիսկ «Հարի Փոթերում» փորձագետները գտել են childfree ակնարկ՝ պրոֆեսոր Մագոնագալը երեխաներ չուներ, թեև հայտնի չէ՝ դա գիտակցված ընտրություն էր, թե ոչ։

Մայիսի 15-ին մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ստորագրել է հրաման, որը childfree գաղափարախոսությունը ներառում է կինովարձույթի վկայականի տրամադրման մերժման հիմքերի ցանկում։ Սա նշանակում է, որ նման բովանդակությամբ ֆիլմերն ու սերիալները չեն կարողանա ցուցադրման թույլտվություն ստանալ Ռուսաստանում։

Leave a Comment