«Հարություն լինելու է». Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր՝ մայիսի 19–ին հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Հունաստանի փոխդեսպանը, ԱԺ նախկին փոխխոսնակ, ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովը, հունական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Շարմազանովն իր խոսքում նշել է. «Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է։ Պոնտոսի հույների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ամբողջության մի մասն էր։ Այն առանձին ցեղասպանություն չէր ինչպես առանձին չէր հայերինը և ասորիները։ Թուրքերը սկզբում սուլթանական, այնուհետև երիտթուրքերը իսկ արդեն 1919 թվականից հետո թեմալականները ծրագրել էին և իրականացնում էին Օսմանյան Թուրքիայում  բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն։
Այն, որ Պոնտոսի և Էգեյան հույների, փոքրեասիական հույների ցեղասպանությունը հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր, փաստում էր հենց ոճրագործը՝ Էնվեր Փաշան, ով 1915 թվականին նշեց, որ ինքը հույների խնդիրը կլուծի նույն այն ձև, ինչպես լուծեց հայերի խնդիրը, բռնի տեղահանելով և ցեղասպանելով։
Դժբախտաբար, 21-րդ դարում մենք ականատես ենք լինում Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Դրա վառ ապացույցն է Արցախում հայ բնիկ ժողովրդի էթնիկ զտմանը, բռնի տեղահանմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան օսմանաթուրքական, պանթուրքիստական, քեմալիստական, հակաքրիստոնեական քաղաքականության, ցեղասպան քաղաքականության տրամաբանական շարունակություն։
Ես որպես հույն և հայ ժողովուրդների զավակ, ինչպես ապրիլ 24-ին, այնպես էլ մայիս 19-ին, ոգեկոչում եմ ոչ միայն մեր նահատակների հիշատակը, այլ գալիս եմ այստեղ արձանագրելու, որ ցեղասպանությունից հետո, խաչելությունից հետո վերածնունդ է լինում, հարություն է լինում և հարություն լինելու է՝ և Պոնտոսի հարություն, և Արցախի հարություն»։

Leave a Comment