
Միացյալ Նահանգների հիմնարար դիրքորոշումն այն է, որ Իրանը չի կարող հարստացնել ուրան, ABC News-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք ունենք մեկ շատ հստակ կարմիր գիծ, դա ուրանի հարստացումն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա հարստացման կարողությունների նույնիսկ 1 տոկոսը: Ամեն ինչ սկսվում է մեր սկզբունքային դիրքորոշումից, այն է՝ գործարքից, որը չի ներառում հարստացման հնարավորությունը», – ասել է ԱՄՆ ղեկավարի թիմի ներկայացուցիչը։
Նման միտք ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS News-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ստիպել Իրանին հրաժարվել միջուկային հավակնություններից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է երաշխավորել, որ Թեհրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հակադարձել է, որ Իրանն ուրանը հարստացնելու է՝ անկախ այն բանից, թե արդյոք ԱՄՆ-ի հետ գործարք ձեռք կբերվի, գրում է interfax.ru-ն։
«ԱՄՆ-ն շահագրգռված է երաշխիքներով, որ Իրանը միջուկային զենք չի ստանա: Նման համաձայնությունը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ հասնելու այնպիսի լուծման, որը հավերժ կապահովի այդ արդյունքը: Բայց Իրանում ուրանի հարստացումը կշարունակվի՝ անկախ նրանից, համաձայնություն ձեռք բերվի, թե ոչ»,- գրել է Արաղչին սոցցանցում: