Սյունյաց ողջույն

Սյունյաց ողջույն

18.05.2025 | 20:21

– Ես որ չգամ, դու հեչ չես ասի չէ՞, էս մի շաբաթ ա խի չեմ երևում, հարևան։

– ՈՒ՞ր էիր որ։

– Մտածում էի։ Ոնց տեսնում եմ, մեր ժողովուրդը շատ ա խեղճացել, ուզում եմ էնպիսի մի բան առաջարկեմ, որ բոլորը միանգամից իրանց թափ տան ու խրոխտանան։

– Էդ չլինող բան ա, Վաղո, իզուր էլ մի շաբաթ մտածել ես։

– Չէ, մի ասա, էնպիսի մի բան եմ մտածել, որ հաստատ արդյունք կտա։

– Ի՞նչ բան։

– Ողջույնի նոր, մարդավարի ձև։

– Այսի՞նքն։

– Պատկերացրու՝ ՀՀ պաշտպանության նախարարը մոտենում ա զորքին ու ասում՝ «Ողջո՛ւյն խաղաղության խաչմերուկի զորքին»։ Ու մի վայրկյան չանցած՝ զորքը թնդում ա՝ «Սյունյաց ողջո՛ւյն» պարոն նախարար։ Հասկանու՞մ ես՝ ինչ խրոխտություն կտարածվի ու առնվազն մի քանի կիլոմետր կտարածվի։

– Բայց ինչի՞ հենց Սյունյաց ողջույն։

– Որովհետև Սյունիքը սպարապետների, իշխանների ու կռիվ-ղալմաղալ անող զորավարների երկիր ա։ Հո չե՞ս ասի՝ Կոտայքի ողջույն կամ, ասենք, Արմավիրի ողջույն։ Դրանց մեջ խրոխտություն ու զորություն չկա։

– Ասածիդ մեջ տրամաբանություն կա, Վաղո, բայց ասում ես, որ էդ խրոխտությունը մի քանի կիլոմետր կտարածվի, չէ՞, էդ քիչ չի՞, մեր երկիրը հո մի քանի կիլոմետր չի։

– Այ դրա համար էլ Սյունյաց ողջույնը պիտի տարածենք բոլոր ոլորտներում։

– Մի տեսակ չեմ հասկանում։

– Ի՞նչ կա չհասկանալու, հիմա էլ պատկերացրու, ասենք, Նոր Նորքի թաղապետը առավոտը մտնում ա թաղապետարան ու ասում՝ «Ողջո՛ւյն քարից, ասֆալտից ու կոյուղուց հաց քամող ժողովրդին»։ ՈՒ աշխատողները թնդացնում են՝ «Սյունյաց ողջու՛յն, պարոն թաղապետ»։

– Հմմմ․․․ էդ մտքովս հաստատ չէր անցնի, է՞լ որ ոլորտների համար ես մտածել։

– Ասեցի՝ բոլոր. քաղաքապետ, գյուղապետ, տնտեսություն, կրթություն ու էդպես՝ մինչև վերջին խազը։

– Վերջին խազը ո՞րն ա։

– Մշակույթը։

– Էդ էլ ա հետաքրքիր, բայց մի տեսակ չեմ պատկերացնում։

– Հեչ երևակայություն չունես, է՜։ Հլը պատկերացրու, ասենք, Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր տնօրենը գնում ա թատրոն, տեսնում ա շվարած կոլեկտիվին ու ասում՝ «Ողջո՛ւյն դերասաններին, գրիմ անողներին, բանվորներին ու մնացածին»։ ՈՒ կոլեկտիվն ինչ ա պատասխանո՞ւմ․․․

– Սյունյաց ողջու՞յն․․․

– Հա, բայց լրիվ ու շատ խրոխտ․ «Սյունյաց ողջու՛յն, պարոն տնօրեն»։

– Երևի դա աշխատող բան ա, Վաղո, բայց պիտի գերագույնի կարծիքը հարցնես, իրան բոլոր ոլորտներում էլ ողջունում են։ Բայց հլը սպասի, մանկապարտեզներում է՞լ պիտի էդպես ողջունեն։

– ․․․Չէ։

– Խի՞ որ։

– Մանկապարտեզում քֆուր տալ չի կարելի։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment