Պետությունը ձեզ մենակ չի թողնի. Գևորգ Պապոյանը՝ կարկուտից տուժած այգեգործներին



Այսօր այցելեցի Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով և քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։

Այցին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։

«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար», ֊ նշեցի իմ խոսքում։

Համայնքների բնակիչներին տեղեկացրեցի, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքագրվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը։

Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրին, կարկտապաշտպան ցանցերի համար տրվող աջակցությանը, որը հասնում է 50-75 տոկոսի։

Այցի ընթացքում պատասխանեցի բնակիչների հարցերին, տվեցի պարզաբանումներ բարձրացված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment