«Թանգարանների գիշերվա» շրջանակում Ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի Լուսինե Շարամբեյանի ցուցահանդեսը

«Թանգարանների գիշեր»-ը համաեվրոպական միջոցառման շրջանակում  մայիսի 17-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու վերաբացված ցուցադրությունը, ինչպես նաև մասնակցելու նկարչուհի Լուսինե Շարամբեյանի «Ծաղկազարդ» անհատական ցուցահանդեսին։ Այն նվիրվում է Արամ Շարամբեյանի լուսավոր հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանում սպասվում է նաև «Մանել» երգչախմբի համերգը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ մշակութային ժառանգությունն այն կարևորագույն ոլորտներից է, որն անմիջական կապ ունի մեր ինքնության հետ։ Թանգարանն անում է հնարավորը, որ այցելուն մշակութային օջախից հեռանա ոչ միայն նոր գիտելիքներով, այլև լավ տրամադրությամբ, որ նրան երկար կուղեկցի։

«Նախորդ տարի կարողացանք ArtBox ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհ շահել, ինչի արդյունքում իրական է դարձել մեր խանութը, հուսով ենք՝ շուտով սրճարանը։ Հավատում ենք, որ այս ձևաչափով թանգարանը բոլորովին այլ բովանդակություն է ստանում»,-ասաց Թորոյանն ու հավելեց, որ իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի  թանգարանի կրթական գործունեությունը, որի շրջանակում հետաքրքիր ծրագրեր են իրականացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։  

«Կարևոր է «Թանգարանը համայնքի համար, սփյուռքի համար» ծրագիրը, որի շրջանակում մեր աշխատակիցները գնում են տաբեր համայնքներ ու վարպետաց դասերի միջոցով փոխանցում են գիտելիքներ։ Շատ ենք արժևորելու մեր նոր կրթական պրոյեկտը՝ «Մեր ինքնության դարբնոցը», որը ձևափոխվեց շարժական կրթական ծրագրի, որը մարզերում կարևորագույն գործունեություն է ծավալելու՝ ներառելով տարբեր մարդկանց խմբեր, ակտիվ լինելով այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են գլոբալ կլիմայական փոփոխությունները, սոցիալական ձեռնարկատիրությունը և նման գաղափարախոսություններ, որոնք  կարող են մարդուն օգնել՝ օգտագործելով իր գիտելիքն ու հմտություններն ու զարգացում ապրել։ Կարևորում ենք այն նախագծերը, որ իրականացնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մի քանի տարի ներկայանում ենք տարբեր սուրբծննդյան տոնավաճառներում։ Շատ լավ հնարավորություն է, երբ 100 հազարավոր այցելուներ ծանոթանում են հայկական մշակույթին»,-նշեց տնօրենը։

Հունիսի 21-22-ին թանգարանն իրականացնելու է Արհեստների 4-րդ փառատոնը։ Այն կազմակերպվելու է Գավառում։

Լուսինե Թորոյանը հիշեցրեց, որ 2026-ին լրանում է Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակը, 2028-ին՝ թանգարանի 50-ամյակը, ուստի դեռ շատ հետաքրքիր նախաձեռնություններով են հանդես գալու։

Leave a Comment