Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են․ դրանք տևել են շուրջ 2 ժամ

Քաղաքականություն

16.05.2025 | 16:47

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ն ու ՌԻԱ Նովոստիին՝ վկայակոչելով  Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրներին։

CNN-ը նույնպես, Թուրքիայի ԱԳՆ-ին հղում անելով, հայտնում է, որ հանդիպումն ավարտվել է։ Նշվում է, որ բանակցությունները տևել են երկու ժամից մի փոքր պակաս։

Ի դեպ, ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Ստամբուլում ընթացող բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը ռուսական կողմի հետ շփվում է թարգմանչի միջոցով։

Ռուսական լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկից հետո մնացել է դահլիճում։

Բանակցությունների մանրամասները դեռևս անհայտ են։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրին, գրել է, որ Ռուսաստանն առաջ է քաշում անիրատեսական պահանջներ, որոնք շատ հեռու են նախկինում քննարկված ամեն ինչից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment