ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի նախագծով, հայտարարել է Աղազարյանը։
Նա նշել է, որ որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված է հայտարարել, որ իրեն ու գործընկերոջը հանձնարարվել է ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Մայիսի 7-ին Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կուսակցության ներսում կքննարկեն իմփիչմենթի գործընթաց սկսելու հարցը։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։
«Հայաստան» դաշինքն առաջարկել էր իմփիչմենթի համար փողոցային ճնշում ապահովել։ Նախաձեռնության համահեղինակ Նարեկ Մալյանը տեղեկացրել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի իր 6 ստորագրությամբ կմասնակցի Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։
