Ի՞նչ ձևաչափով են անցկացվելու բանակցությունները Ստամբուլում

Նախօրեին լուրերը բավականին հակասական էին այն մասին, թե ինչ ձևաչափով կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև այսօր Ստամբուլում կայանալիք հանդիպումը։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հինգշաբթի երեկոյան ասել է. «Վաղը առավոտյան, ժամը 10-ին կսպասենք ուկրաինական կողմին, որը պետք է ժամանի հանդիպմանը։ Մենք պատրաստ ենք աշխատանքի»։

Նրա խոսքով, ինչպես մեջբերել են լրատվամիջոցները, ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել «Ուկրաինայի հետ առանց նախապայմանների ուղիղ երկկողմ բանակցություններ վարելու»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ստամբուլում սպասվող բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը հաստատող հրամանագրում նշվում է, որ այն կմասնակցի «բանակցային գործընթացին Ուկրաինայի միջազգային գործընկերների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»։

Զելենսկին խոսել էր Ստամբուլում Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման մասին, սակայն Ռուսաստանի նախագահը Թուրքիա է ուղարկել իր օգնական Մեդինսկուն։

Մեկ օր առաջ Անթալիայում լրագրողները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հարցրել էին Ստամբուլում կայանալիք բանակցությունների ձևաչափի մասին՝ արդյոք ամերիկյան կողմը կմասնակցի դրանց։ Ռուբիոն, որը նույնպես այսօր կլինի Ստամբուլում, պատասխանել էր.

«Վաղը ես կհանդիպեմ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ։ Մեր թիմից մեկը կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նրանք այստեղ ուղարկել են ավելի ցածր մակարդակի խումբ։ Հուսով եմ, որ այս բանակցությունները տեղի կունենան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ մեր թուրք գործընկերների, ինչպես նաև մեր թիմի անդամներից մեկի կամ մեր թիմի անդամների մասնակցությամբ՝ համապատասխան մակարդակով»։

Դրանից հետո Ռուբիոն նշել էր, որ Միացյալ Նահանգները մեծ հույսեր չի կապում Ստամբուլում կայանալիք խորհրդակցությունների հետ, և առաջընթացի հասնելու միակ ճանապարհը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումն է։

Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում են հանդիպման տարբեր հնարավոր ձևաչափերի մասին՝ Ռուսաստան-Ուկրաինա-Թուրքիա կամ ԱՄՆ-Ուկրաինա-Թուրքիա, սակայն Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև ուղղակի երկկողմ շփումների վերաբերյալ մանրամասներ չեն նշվում։

Leave a Comment