ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի արտգործնախարարներին պատմել է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու՝ Թրամփի ջանքերի մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Անթալիայում (Թուրքիա), ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, հանդիպել է Ատլանտյան քառյակի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
«Պետքարտուղար Ռուբիոն նախարարներին է ներկայացրել նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար և ընդգծել, որ եվրոպական առաջնորդությունը կարևորագույն նշանակություն ունի Ռուսաստանին և Ուկրաինային բարի կամքով բանակցել ստիպելու համար՝ հանուն արագ և երկարատև խաղաղության հասնելու», -ասված է Պետքարտուղարության խոսնակի մամուլի հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի և Եվրոպայի պաշտպանական ծախսերի բաշխումը մեծացնելու անհապաղ անհրաժեշտության հարցում, ասված է հայտարարության մեջ։
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանական ընկերությունները տրանսատլանտյան արդյունաբերական բազայի անբաժանելի մասն են կազմում և չպետք է դուրս մնան Եվրոպայի վերազինման ջանքերից։ Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատել է Սիրիային վեհության հնարավորություն ընձեռելու Միացյալ Նահանգների ցանկությունը։ Առաջնորդները քննարկել են նաև ընդհանուր առաջնահերթությունները, ներառյալ՝ Իրանի միջուկային զենքի մշակման կամ ձեռքբերման կանխումը և Չինաստանի ազդեցության հակազդումը»,- եզրափակել է Թեմի Բրյուսը։

Leave a Comment