Փաշինյանը Տիրանայում հանդիպել է Ալբանիայի վարչապետի հետ, պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին:

Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ:

Ալբանիայի վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության հեռանկարային ուղղությունները նախանշելուն:

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանը, այդ թվում` քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Կառավարության լրատվական վարչության փոխանցամբ՝ Փաշինյանը և Ռաման մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման:

Հայաստանի վարչապետը Տիրանայից նաև տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած ադրբեջանցի լրագրողի հարցերին՝ ներկայացնելով պաշտոնական Երևանի հայտնի դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ Սահմանադրության և Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի շուրջ: Ըստ այդմ՝ ԵԱՀԿ-ին դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, և խաղաղության պայմանագրի՝ երկրի Հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի Սահմանադրական դատարանը՝ պայմանագրի ստորագրումից հետո:

Leave a Comment