
Ինձ համար սա միանշանակ անթույլատրելի է: Սա մեկ դեպք է, որը ստացավ հանրային հնչեղություն, բայց մենք պարբերաբար դիմում-բողոքներ ենք ստանում նաև այլ դեպքերի և այլ իրավիճակների հետ կապված, որոնք մեզ համար միանշանակ անթույլատրելի են, մասնավորապես ուսուցիչների արժանապատվությունը պետք է հարգված լինի, նաև մասնագիտական արժանապատվությունը:
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպին:
ՄԻՊ-ի խոսքով՝ այս բոլոր իրավիճակներում պետք է կարողանանք երաշխավորել երեխաների լավագույն շահը: Խոսքը, մասնավորապես, երեխաների մասնակցությամբ տարբեր սոցհարթակներում տարածվող տեսանյութերի մասին է:
«Անկախ նրանից, թե երեխան ինչ է ասում, ինչպիսի վարքագիծ է դրսևորում, անընդհատ թիրախավորվում է, և սա, կարծում եմ՝ մեր բոլոր՝ թե՛ սոցցանցերի օգտատերերը, թե՛ ԶԼՄ-ները պետք է հաշվի առնեն տարբեր տեսակի հրապարակումներ կատարելիս»,- նշեց ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ այս ոլորտում բարեփոխումները ոչ թե կոնկրետ մեկ դեպքով պետք է լինեն կամ կոնկրետ դեպքի հասցեավորմամբ, այլ պետք է գնալ ամբողջական համակարգային բարեփոխումների:
Դիտումների քանակ1