Երևանի քաղաքապետարանի որոշումը՝ միակողմանի լուծարել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի պայմանագիրը, անակնկալի է բերել թատրոնի դերասանական կազմին։ Նրանք արդեն մի քանի օր է՝ մի շարք հարցեր են բարձրացնում ու տարակուսանք հայտնում որոշման կապակցությամբ։
Ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը փոխանցում է իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Ասում է, ըստ հիմնավորումների, խնդրահարույց է դիտարկվել արդեն նախկին տնօրենի կողմից թատրոնի մեծաթիվ հրավիրատոմսեր բաժանելը։ Գասպարյանի փոխանցմամբ՝
«Երբ հաշվարկում ենք՝ դա 9․6 տոկոսի էլ չի անում։ Ո՞ւմ են տրվել այդ տոմսերը։ Այն մանկավարժներին, որոնք 10-15 երեխաներ են բերում։ Հասնում է, որ կարգապահություն լինի, երեխաներն իրենց զուսպ պահեն։ Տրվել են հաշմանդամություն ունեցող երեխաների, առաջին տիկինն էլ մի անգամ ահագին մարդ էր բերել։ Երրորդը՝ թոշակառուներին։ Երկու ամիս ստուգեցին ֆինանսական, ոչ մի խախտում չգտան, միակ թերությունը՝ որ նա հրավիրատոմսեր է տվել»։
«Պատանի հանդիսատեսի թատրոնի» դերասան Արթուր Կարապետյանը ևս անհասկանալի է համարում այս որոշումը․
«Ինձ համար անհասկանալի է՝ ինչու հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, որն առաջ է տանում կոլեկտիվը, կոլեկտիվի բոլոր անդամները գոհ են և այսօր էլ մեկ մարդու նման կանգնած են նրա թիկունքին»:
Դերասանախումբը տեղեկացրեց, որ դիմել են քաղաքապետարանին՝ ակնկալելով պատասխանատու անձանց հետ հանդիպում և պարզաբանում։ Թատրոնի անձնակազմը հույս ունի, որ քաղաքապետարանում լսելի կդառնան իրենց դիտարկումները, այլապես պատրաստ են գործադուլի։
Թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 13-ից աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ դադարեցվել է իր գործունեությունը «Պատանի հանդիսատեսի թատրոնի» տնօրենի պաշտոնում: Մամուլը գրել էր, որ Թորոսյանի փոխարեն թատրոնի տնօրենի պաշտոնում դիտարկվում է դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանի թեկնածությունը։
Երևանի քաղաքապետարանից այս թեմայով մեկնաբանություն տալ չեն շտապում։ Խոստանում են պարզաբանում տալ առաջիկայում, երբ որոշ հարցեր ավելի պարզ կլինեն։