Իրանի փոխարտգործնախարարը նոր մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում իրանական պատվիրակության անդամ Մաջիդ Թախտ-Ռավանչին,  նոր մանրամասներ է բացահայտել իրանա-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը։
Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ երկիրը դեռևս մանրամասն քննարկումներ չի սկսել ուրանի հարստացման մակարդակի և հզորության վերաբերյալ։
«Որպես հիմք՝ մենք նշել ենք, որ սահմանափակ ժամանակահատվածում կարող ենք վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում դիտարկել հարստացման մակարդակի, արտադրական հզորության և նմանատիպ միջուկային հարցերին առչնվող որոշակի սահմանափակումներ»,-պարզաբանել է նա։
Թախտ-Ռավանչին ընդգծել է, որ Իրանի պատրաստակամությունը նման միջոցներ ձեռնարկելու կլինի պատժամիջոցների վերացման դիմաց։
«Այդ քայլերը միակողմանի չեն,-հավելել է նա,-այլ ավելի շուտ համատեղ ջանքերի մի մասն են՝ ցույց տալու համար, որ մեր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի»։
Թախտ-Ռավանչին միաժամանակ մերժել է 25-ամյա հնարավոր սահմանափակման վերաբերյալ վերջերս շրջանառվող ենթադրությունները՝ հայտարարելով. «Այդ ենթադրություններից ոչ մեկը՝ ո՛չ ժամանակի, ո՛չ էլ հարստացման տոկոսի վերաբերյալ, հաստատված չէ»։

Leave a Comment