Ուիթքոֆը և Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ որտեղ կանցկացվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները․ Reuters

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ որտեղ տեղի կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, Reuters-ին հայտնել են աղբյուրները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում, առաջարկել էր Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված բանակցությունների ժամանակ բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից որևէ մեկի հետ չի շփվի, մայիսի 13-ին «The Breakfast Show»-ի եթերում հայտարարել է Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու մասին՝ սա անկասկած է», — ընդգծել է Պոդոլյակը:

Նրա խոսքով, երկու երկրների պատվիրակությունների ավելի ցածր մակարդակով հնարավոր հանդիպման ժամանակ «ոչ մի էական հարց» չի լուծվի։

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունները։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը։ Առայժմ մենք որևէ այլ բան չենք մեկնաբանելու», — ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատվիրակության կազմի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ դրա մասին կհայտարարվի «հենց որ նախագահն անհրաժեշտ համարի»։

Leave a Comment