Քարդաշյանն այսօր իրեն կողոպտելու գործով ցուցմունք կտա Փարիզի դատարանում

Հայազգի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը մայիսի 13-ին Փարիզի դատարանում վկայի կարգավիճակով ցուցմունք կտա 2016 թվականին այդ քաղաքում տեղի ունեցած կողոպուտի գործով, գրում է BBC-ին։

Նշվում է, որ 44-ամյա Քարդաշյանը դատարանում կներկայացնի իրադարձությունների իր վարկածը, որոնք կապված են զենքի սպառնալիքով իրեն կողոպտելու հետ։

Քարդաշյանից միլիոնավոր դոլարների զարդեր էին գողացել, այդ թվում՝ 4 մլն դոլար արժողությամբ նշանադրության ադամանդե մատանին, որը նվիրել էր այն ժամանակվա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հավելել է կայքը։

«Ֆրանսիական լրատվամիջոցները մեղադրյալներին անվանել են «պապիկ կողոպտիչներ», քանի որ նրանցից ոմանք արդեն 70-ն անց են: Շատերն ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Մեկը քիմիաթերապիայի կուրս է անցնում, իսկ մյուսը նկատելի նոպաներ է ունեցել»,- ասված է հրապարակման մեջ։

Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի կենտրոնում՝ նորաձևության շաբաթվա ընթացքում, երբ մի խումբ զինված հանցագործներ ներխուժել էին Քարդաշյանի հյուրասենյակ, կապել նրան և հափշտակել ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։

2025-ի ապրիլին AP-ն գրել էր, որ Քարդաշյանին շուտով կհարցաքննեն։

Leave a Comment