Իրանը կարևորում է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավելի կարևոր է, քան նախորդ երեքը. այս հանդիպման ընթացքում Թեհրանը կորոշի, թե որքանով է Վաշինգտոնը պատրաստ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կնքել, հաղորդել է իրանական IRIB պետական ​​հեռուստատեսությունը։

«Բանակցությունների այս փուլն ավելի կարևոր է, քան նախորդ երեքը… Մնում է տեսնել, թե որքանով են ամերիկացիների դիրքորոշումները համապատասխանում լրատվամիջոցներում նրանց ասածների հետ։ Իրանական կողմի դիրքորոշումը հստակ է. Թեհրանը երբեք չի հրաժարվի ուրանը հարստացնելու իր իրավունքից», — ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլը Օմանի միջնորդությամբ տեղի է ունենում այսօր։

Բանակցություններից առաջ Արաղչին հայտարարել է՝ «Իրանն ունի հայտնի դիրքորոշումներ, որոնք հիմնված են հստակ սկզբունքների վրա։ Մենք հույս ունենք վճռական դիրքորոշման հասնել կիրակի օրվա հանդիպմանը»։

Ուիթկոֆն իր հերթին ներկայացրել է Վաշինգտոնի կարմիր գծերը. «Ոչ մի հարստացում։ Իրանի միջուկային օբյեկտները պետք է լիովին ապամոնտաժվեն»։ Ամերիկացի բանագնացը հավելել է՝ եթե այսօրվա հանդիպումն արդյունավետ չլինի, «բանակցությունները չեն շարունակվի, և մենք ստիպված կլինենք այլ ուղի ընտրել»։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև երկար ժամանակ ձգձգված բանակցությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը մարտի սկզբին նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր գործարք։ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, բայց համաձայնել է անուղղակի երկխոսության։

Տասը տարի առաջ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև կնքված միջուկային համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների մեղմացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։

Թրամփի նախագահական նախորդ ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին դուրս էր եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր համաձայնագրով ստանձնած պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

Համաձայնագրի ժամկետը լրանալու է հոկտեմբերի 18-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ժամկետը լրանալու հետ մեկտեղ։

Leave a Comment