Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ուղիղ բանակցությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Նախագահ Էրդողանը ողջունել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարությունը Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ և հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը ընդունելու բանակցությունները, որոնք հաստատուն լուծում կտան հարցին», — ՏԱՍՍ -ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Էրդողանը աջակցել է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների դիրքորոշմանը, որոնք պնդում են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի կրակը խաղաղության բանակցություններ սկսելու համար։
«Խաղաղության հնարավորության պատուհան է բացվել, և համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների համար», — ասել է Էրդողանը։
Պուտինը առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ անցկացնել, սակայն հրաժարվում է կատարել Ուկրաինայի և Արևմտյան երկրների հրադադարի պահանջները։
AFP-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում Էրդողանն ասել է. «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերում պատմական շրջադարձային կետ է գրանցվել։ Այս հնարավորությունը պետք է օգտագործել, և Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ հյուրընկալել հրադադարի և երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բանակցությունները»։