10 Մայիսի 2025, 11:15
Հայազգի գործարար Սերգեյ Ասլանյանի SA Foundation հիմնադրամը աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազում տարված հաղթանակի 80-ամյակին։
«Իմ բալիկ», «Տունտունիկ» և «Խոխա» մանկապարտեզներին տրամադրվել են գրասենյակային սարքավորումներ, սկսվել են մանկապարտեզներից մեկի երաժշտական սենյակներից մեկի վերանորոգման աշխատանքները։ Բոլոր մանկապարտեզները բացվել են Երևանում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից։
«Այս տոնն Արցախում տարիներ շարունակ նշում էինք մեծ խանդավառությամբ, նշում էինք որպես եռատոն: Բայց, ավաղ, բոլորս տեսնում ենք՝ ինչ եղավ: Չնայած դրան՝ մենք չենք հուսահատվում, չենք կործանվում, ուզում ենք քայլ առաջ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի մեր երեխաները դաստիարակվեն հայեցի, որպեսզի տանք այն արժեքները, որոնք կարևոր են հայ ազգին: Մեր երեխաները պետք է լինեն խիզախ, ազնիվ, հայրենասեր»,-ասաց «Իմ բալիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Գայանե Հայրումյանը:
SA Foundation-ի նպատակն է օգնել երեխաներին և ուսանողներին, ստեղծել ներդաշնակ և ապահով ապագա Հայաստանի և հայ ժողովրդի համար։
«Պետք է առաջ շարժվենք, ստեղծագործենք, արարենք: Պետք է անել ամեն ինչ՝ մեր երեխաների խաղաղ ապագան ապահովելու համար: Ինչպես ասում են՝ ազգի գոյության պահապաններն են լեզուն, մշակույթը, դպրոցը և մանկապարտեզը: Թող որ լռեն զենքերը, ուրախ հնչեն երգերը: Թող երգն ու պարը միշտ թևածեն հայոց աշխարհում»,-հավելեց Գայանե Հայրումյանը։