09 Մայիսի 2025, 12:38
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը` սկսած շարքայինից, վերջացրած մարշալով, անմահացրին իրենց անունները քաջարի մարտիկների փառքով։ Մարշալ Գեորգի Կոնստանտինի Ժուկովի այս գնահատականը կազմված էր հայ ժողովրդի հարյուր հազարավոր որդիների և դուստրերի սխրանքներից։ Այդ շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում Թամանյան 89-րդ հայկական դիվիզիան։
Նրա մարտական ուղին սկսվել է 1942 թվականի օգոստոսի 10-ին՝ Կովկասի համար մղված ճակատամարտին մասնակցելով։ Մասնակցել է Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի ազատագրման մարտերին։ Թամանյան դիվիզիան պատերազմն ավարտեց Բեռլինի գրոհով և 1945 թվականի մայիսի 9-ին Ռայխստագի պատերի մոտ հայկական հաղթական «Քոչարի» պարով՝ դառնալով ազգային դիվիզիաներից միակը, որը հասավ ֆաշիստների որջը: Պատերազմի ընթացքում հայկական 89-րդ դիվիզիան անցել է 7250 կմ ճանապարհ, որից 3640-ը՝ մարտերով, ոչնչացրել է ավելի քան 9 հազար և գերեվարել թշնամու 11 հազար զինվոր և սպա, շարքից հանել ավելի քան 148 տանկ և ինքնագնաց հրացան, 300 դաշտային հրացան, գրավել մեծ թվով գավաթներ: Թամանի ազատագրման համար մղված հերոսական մարտերում 89-րդ դիվիզիան ստացել է Թամանի կոչում, Կերչի ազատագրման համար պարգևատրվել Կարմիր Աստղի շքանշանով, Սևաստոպոլի ազատագրման համար՝ Կարմրադրոշ շքանշանով, Բեռլինի գրոհի համար՝ Կուտուզովի II աստիճանի շքանշանով: Մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար դիվիզիայի 7333 մարտիկներ ստացել են մարտական պարգևներ և մեդալներ, նրանցից շատերը մի քանի անգամ արժանացել են շքանշանների և մեդալների: Դիվիզիայի ինը զինվորներ և սպաներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման։
Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի երթի հեղինակը դիվիզիոն երաժշտական դասակի հրամանատար Սամվել Հովհաննեսի Սահակյանն էր: