«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը
– Պարո՛ն Պողոսյան, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը՝ 7.9%-ով: Թանկացման պատճառը ո՞րն է, մտահոգիչ համարո՞ւմ եք այս պատկերը:
– Սրանք աղաղակող թվեր են ու վերաբերում են առաջին անհրաժեշտության ապրանքներին: Գնաճը՝ որպես տնտեսական ցուցանիշ, վատ բան չէ, բայց հարցն այն է, որ եկամուտները պետք է առաջանցիկ տեմպերով աճեն, այդ դեպքում մենք գնաճը չենք էլ նկատի:
Որպես կանոն՝ տնտեսապես զարգացած երկրներում երբ գնաճը, օրինակ՝ լինում է 4-5%, աշխատավարձերն ու եկամուտներն աճում են 7 և ավելի տոկոսով, ու սա բնական պրոցես է: Բայց մեզանում դա չկա, ընդհակառակը՝ պաշտոնական թվերով յուրաքանչյուր չորրորդ մարդն աղքատ է: Առաջին անհրաժեշտության ապրանքները եթե գնահատվեն, ապա այդ թվերը ավելի ցցուն կլինեն:
Մեր վիճակագրությունն ունի մի զարմանալի ավանդույթ. գոյություն ունի երկու տեսակի զամբյուղ՝ սպառողական ու կենսապահովման: Կենսապահովումը սնունդն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն են: Հիմա մեր վիճակագրությունում երբ մեկը հաշվում են, բազմապատկում են 1,85-ով, կամ էն մեծ թիվը բաժանում են 1,85-ի, ստանում են երկրորդը, այսինքն՝ այն մեկը չեն էլ ուսումնասիրում: Սարսափելի ցուցանիշ է մեզանում, որ մարդու եկամուտների մեջ սնունդը միջինը մոտավորապես 65% է կազմում, երբ զարգացած երկրներում այդ ցուցանիշը 25-30%-ից անցնում է, այդ մարդիկ արդեն համարվում են սոցիալապես տուժածներ, ու նրանց հատկացվում է սոցիալական օգնություն:
Վերադառնամ ձեր բուն հարցին. գյուղացիները երկրի բնակչության հիմքն են, նրանք ամենադաժան պայմաններում գյուղմթերք են մշակում ու օժանդակություն չեն ստանում, գյուղացու ստեղծած եկամտի մեծ մասը վայելում են միջնորդները: Ինչ-որ հայտնի կամ անհայտ ֆիրմաներ բաժանել են հանրապետությունը ու այս կամ այն շրջանում գյուղմթերքի կամ այլ ապրանքի մատակարարմամբ միայն իրենք են զբաղվում: Հիմա, եթե գյուղացին իր կաթնեղենը կամ բանջարեղենը պետք է վաճառի, այլընտրանք չունի, չի կարող ասել՝ այս գինը լավը չէ, դու գնա, կգա մյուսը, նրա հետ կպայմանավորվեմ ինձ հարմար գնով, ուզած-չուզած վաճառում է, որովհետև մոնոպոլիա է: Սա է գյուղմթերքի թանկացման հիմնական պատճառն ու բացատրությունը, էլի կան պատճառներ, բայց գլխավորը սա է:
– Ստացվում է, որ գյուղատնտեսական սխալ քաղաքականության հետևա՞նք է դա:
– Ոչ թե սխալ է, այլ աղաղակող սխալ է: Եթե ընդհանուր նայենք՝ մենք, բացի սննդից, ընդհանրապես ոչինչ չունենք արտահանելու, այս մի ճյուղն է, այն էլ ուշադրությունից դուրս է մնացել:
– Պարո՛ն Պողոսյան, այսինքն, Հայաստանում արտադրվող պտուղ- բանջարեղենի գնաճը պայմանավորվա՞ծ է եղած մոնոպոլիայով:
– Այո՛, Հայաստանում արտադրվող պտուղ-բանջարեղենի գնաճը պայմանավորված է եղած մոնոպոլիայով: Գյուղացի-միջնորդ-շուկա եռանկյունու մեջ շահում է միջնորդը, չկան պետական վերահսկողություն, հոգածություն, ով ինչ գին ուզում սահմանում է: Վերահսկողությունն էլ չեն գիտակցում, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից. վերահսկողությունն այն է, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի մեկ հոգին իր պայմանները չթելադրի: Այս սխալ քաղաքականությունը նպաստում է ոչ միայն թանկացումներին, այլ նաև՝ գյուղաբնակների թվի նվազմանը: Գյուղացու արած ծախսերը չեն արդարացվում, դրա համար էլ մարդիկ դադարում են զբաղվել ինչ-որ բան մշակելով, ինչի հետևանքով էլ պակասում է նաև մարզերում ապրողների թիվը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am