Ու ծավալվում է խրախճանքը հենց ժանտախտի ժամին. քաղաքագետ – HayqNews

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Նախօրեին գրեցի երկամյա փոքրիկի դժբախտ ու ողբերգական դեպքի առիթով «սոցցանցային մակաբուծման» եղկելիության մասին: Երեւույթ, որի թակարդը ընկնում են շատերը:

Սա իհարկե մեզանում շատ ավելի խորը խնդրահարույց երեւույթի հետեւանք է՝ տեղեկատվական մեխանիզմների անհագուրդ աճի: Տեխնոլոգիական երեւույթ, որի կասեցումը գործնականում անհնար է, իհարկե բացի ապոկալիպտիկ տարբերակներից:

Տեղեկատվական միջոցները, հնարավորությունները, տեխնոլոգիաները բազմանում, դառնում բազմազան, հասանելի են դառնում ցանկացածին, ցանկացած տեղ, եւ դրսեւորման հնարավորություն է ստանում ամեն ինչ:

Էնպես չէ, որ դրսեւորվող այդ հատկանիշները չեն եղել: Եղել են: Չեն եղել դրսեւորման միջոցները, շատ են եղել տեղեկատվական ֆիլտրերը, որոնք կառավարել են հանրային վարքի դրսեւորումները:

Այսօր գիտատեխնիկական պրոգրեսը ունի այնպիսի թափ, որ հետեւից ֆիլտրեր հասցնելը գրեթե անհնարին է: Այն էլ այնպիսի երկրներում, որոնք հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման առումով թույլ են թե ռեսուրսային, թե ինստիտուցիոնալ, թե մշակութային, ավանդութային հարաբերությունների իմաստով:

Ու ծավալվում է խրախճանքը հենց ժանտախտի ժամին: Դա թերեւս -րդ տեխնոլոգիական դարին բնորոշ խրախճանքի տեսակն է՝ «ուտվում» է միայն ժանտախտով, առանց դրա ֆոնի՝ գիտակցական, թե ենթագիտակցական մակարդակով մասնակիցները չեն ստանում բավարարություն խրախճանքից:

Սրա մասին խոսել հնարավոր է անվերջ, բայց դեմն առնելը՝ չեմ պատկերացնում որեւէ կերպ: Չեմ հավատում, թե հնարավոր է ստանալ անհատական մակարդակով այնպիսի ստերիլության վիճակագրության, որ ընդամենը մի քանի տասնյակ կամ առավելագույնը հարյուր մարդ մնա խնդրահարույց: Միշտ մնալու է մի քանի հազարը: Իսկ տեղեկատվական դարաշրջանի «էֆեկկտն» էլ հենց այն է, որ մի քանի հազարը կարող են մի քանի հարյուր հազարի «ծածկել»:

Leave a Comment