Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ:

«Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է խաղացել ինձ որպես ֆուտբոլիստ ձևավորելու գործում: «Սալֆորդ Սիթին» իր համայնքի սիրտն է: Ես ուրախ եմ լինել դրա պատմության հաջորդ գլխի մասնիկը»,-ասել է Բեքհեմը, փոխանցում է armsport.am-ը:

Նախկինում Դեվիդ Բեքհեմը, Գարի Նևիլը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս նախկին խաղացողներ Նիկի Բաթը, Ռայան Գիգսը, Ֆիլ Նևիլը և Փոլ Սքոուլզը բաժնետոմսեր ունեին «Սալֆորդ Սիթիում»: Այժմ նրանք փոխանցել են իրենց բաժնետոմսերը՝ պահպանելով իրենց աշխատանքային դերերը ակումբի կառուցվածքում:

«Ես խորապես կապված եմ «Սալֆորդ Սիթիի» հետ: Սա յուրահատուկ գործընկերություն է, որը միավորում է տարբեր մտքեր և փորձ: Մեզ բոլորիս միավորում է սերը ֆուտբոլի հանդեպ: Ֆուտբոլը միշտ առաջնահերթ է, սակայն կարևոր է ապահովել ակումբի կայունությունը առաջիկա 4-5 տարիներին: Ես անհամբեր սպասում եմ այս ճանապարհի հաջորդ փուլին»,-ասել է Նևիլը:

Leave a Comment