
Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։
Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում պարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։
Ավելին՝ Ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր՝ նախադեպը չունեցող մոտեցում՝ գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։
«Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Գործին ներգրավվում է փորձագետ։ Փորձագետը տրանսպորտային միջոցը ենթարկում է զննության և հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը»,- նշում է ՊԾ Երևան քաղաքի գնդի վարչական վարույթի իրականացման բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Դավիթ Գևորգյանը։
Իրավական տեսանկյունից՝ փորձագետների ներգրավումը առավել անխոցելի է դարձնում Ոստիկանության վարչարարությունը։ Բացի դրանից՝ վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր և հասցեատերերի համար համոզիչ։
«Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո Պարեկային ծառայության կողմից վերցվում է հաշվառման վկայագրի բնօրինակը, և վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր՝ 10-օրյա ժամկետով։ Այնուհետև 10-օրյա ժամկետում վարորդի կողմից թերությունը վերացնելու դեպքում ներկայացվում են համապատասխան ապացույցներ, և վարորդին տրվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը»,- մանրամասնում է Դավիթ Գևորգյանը։
Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն՝ 8։
Դիտումների քանակ2