
ԱՄՆ-ում 2-ամյա աղջնակը մանկապարտեզում գտնվելու ժամանակ ընկել է կոյուղու խողովակը: Այս մասին գրում է The Mirror-ը:
Տեխաս նահանգում աղջկա ծնողները դատի են տվել մանկապարտեզին այն բանից հետո, երբ երեխան ընկել է դիտահորը: Ըստ հայցի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին։ Այդ օրը հայցվորների դուստրը մյուս երեխաների հետ գտնվել է «Լայթհաուս» մանկապարտեզի խաղահրապարակում և ընկել կոյուղու դիտահորի մեջ, որի կափարիչի վրա նշված է եղել․ «Վտանգավոր է, չմտնել, լի է մահացու թունավոր գազով»։ Դիտահորի կափարիչը կամ հետ է քաշվել, կամ բացվել է, երբ աղջիկը ոտք է դրել դրա վրա:
Ավելի ուշ ուսուցչուհին էլեկտրոնային ամսագրում նշել է, որ երեխան դասարանում չէ, բայց ոչ ոք չի ստուգել, թե որտեղ է գտնվում աղջիկը։ Ծնողներին ավտոմատ էլ-նամակ է ուղարկվել, որում ասվում է, որ երեխան բացակայում է խմբից։ Հայրը զանգահարել է մանկապարտեզ՝ պարզելու, թե որտեղ է դուստրը և ինչու են նրան տեղափոխել այլ խումբ։ Հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը, իբր, հորը ասել է, որ նամակն ուղարկվել է համակարգի սխալի պատճառով, և որ նրա դուստրը «100 տոկոսով այստեղ է»: Անհանգստանալով՝ ծնողները շտապել են մանկապարտեզ՝ ստուգելու, թե ինչպես է երեխան։ Միայն նրանց ժամանելուց հետո մանկավարժները նկատել են, որ աղջիկը ոչ մի տեղ չկա։
Ծնողները անմիջապես զանգահարել են 911: Աշխատակիցները փրկարարների հետ միասին որոնումներ են կազմակերպել մանկապարտեզի տարածքում։ Աղջկան գտել են մեկ ժամ անց. նա մրսել և խիստ վախեցել էր՝ դիտահորի մեջ ընկնելու պատճառով: Չնայած նա չի տուժել և հոսպիտալացման կարիք չի ունեցել, ծնողները դատի են տվել մանկապարտեզին անփութության համար: