Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։
Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց:
Ըստ Միրզոյանի, անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա ունենալ արդյունավետ քննարկում՝ գալու որոշակի լուծումների։
«Ես գերադասում եմ կենտրոնանալ ներկայի և ապագայի հետ կապված իրողությունների վրա։ Պատմական հարցերի վրա կենտրոնանալու պարագայում, թե որ տարածքն ում է պատկանել 100 տարի առաջ կամ որ կողմն է ավելի շատ մարդ սպանել՝ մենք կներքաշվենք մեկ այլ հակամարտության մեջ։ ՀՀ կառավարության ցանկությունն է կայուն և վերջնական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին ներառելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Մենք հաջողության ենք հասել երկար բանակցությունների արդյունքում և համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակությունը։ Այժմ ցանկանում ենք շուտափույթ խորհրդակցություններ սկսել՝ պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը որոշելու համար»,- ասել է Միրզոյանը։
Արդյոք պայմանագրի ներկա տեքստը պատասխաններ է տալիս հնարավոր բոլոր հարցերին. Միրզոյանի կարծիքով՝ ոչ։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։
«Սա սկիզբն է, և մեր կարծիքով՝ պետք է ձևավորել հանձնաժողով, որը կքննարկի խնդրահարույց մյուս հարցերը։ Կարևոր է, թե կողմերն ինչ են հաղորդում իրենց հասարակություններին, կարևոր է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ մեսիջներ են ուղարկում աշխարհին։ Հարցն այն է՝ կրկին փորփրո՞ւմ ենք անցյալը, թե կառուցում ենք միասնական, բարգավաճ ապագա մեր քաղաքացիների համար։ Մեր հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը խոսեց որոշ նախապայմանների մասին։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։
Գետնի վրա մենք չունենք որևէ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է. մենք պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Կարող ենք ստորագրել ցանկացած պահի, րոպեների ընթացքում։ Եկեք ի վերջո ստորագրենք խաղաղության պայմանագիրն ու ձևավորենք համատեղ հանձնաժողով, որի մասին արդեն հիշատակեցի իմ խոսքում»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
116 դիտում