Ո՞վ է երիտասարդը, ո՞րն է երիտասարդ ընտանիքը, երիտասարդ աշխատողն ու երիտասարդական կենտրոնը։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծով ոչ միայն այս հասկացություններն են սահմանվում, այլև նորերն են ի հայտ գալիս։ Խորհրդարանական լսումներին ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով նախագծի դրույթները, նշել է, որ օրենքի ընդունումով կմեծանա նաև պետական քաղաքականության դերը երիտասարդության հանդեպ, հնարավորություն կստեղծվի ավելի արդյունավետ վարչարարության համար, ինչի շնորհիվ բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք ներգրավված են երիտասարդական ոլորտում, կմասնակցեն իրականացվող քաղաքականությանը օրենսդրական նորմատիվ ակտերի շրջանակում։
Եթե մինչև հիմա երիտասարդ էին համարվում 18-30 տարեկանները, ապա «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է տարիքային շեմը դարձնել 13 –35։ Նախագծի հեղինակները հիմք են ընդունել եվրոպական փորձը և Հայաստանի դեմոգրաֆիկ միտումները։ ՀՀ բնակչության մոտ 27 տոկոսը երիտասարդներ են, «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը: Նա պատահական չհամարեց այն, որ ՀՀ-ն ունի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը։
«Սա վկայում է այն մասին, որ երիտասարդների ձայնը որոշիչ նշանակություն ունի մեր երկրում որոշումների կայացման հարցում։ Մենք կարծում ենք, որ այս ժամանակաշրջանում ավելի քան անհրաժեշտություն կա աջակցության, երիտասարդների կայացման, անկախացման սոցիալ-տնտեսական ինքնավարության ձեռքբերման հարցում»։
Թագուհի Ղազարյանը նշեց, որ իշխանության դերը միջավայր ստեղծելն է, որտեղ երիտասարդների տաղանդն ու ներուժը կզարգանա։ Այս նախագիծը առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ Հայաստանը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նախագծի քննարկումը, որի ամենաակտիվ մասնակիցները հենց երիտաասարդներն են, շատ ակտիվ և մասնակցային է ընթանում։ Ըստ նրա՝ նախագիծը սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները, հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների համար։ Ի վերջո, կստեղծի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման անհրաժեշտ իրավական հիմքը։
«Մի կողմից իջեցրել ենք երիտասարդության շեմը մինչև 13, շատ տարբեր՝ դեմոգրաֆիկ և այլ հանգամանքներ հաշվի առնելով։ Մյուս կողմից բարձրացրել ենք 35, հաշվի առնելով, որ ցավոք մենք ծերացող հասարակություն ենք»։
Թեև նախագիծը նոր է, և երիտասարդության մասին մայր օրենք դեռ չկա, երիտասարդական ծրագրերը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են եղել, նկատեց փոխնախարարը։ Դրա վառ օրինակը «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագիրն է, որն ավելի քան 8000 շահառու է ունեցել։ Միայն այս տարի 500-600 նոր շահառուով է համալրվել ծրագրից օգտվողների ցանկը։
«Ծրագիրը շատ հաջող ծրագիր է, մարզերում մինչև 4 տոկոս փոխհատուցում է տալիս երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում, իսկ Երևանում՝ 2 տոկոս։ Իսկ եթե առաջնային շուկայից են օգտվում, առավելագույնը 7,5 տոկոս սահմանաչափով կարողանում են ստանալ վարկ, որը երիտասարդ ընտանիքների պարագայում էական աջակցություն է պետության կողմից՝ նրանց բնակարանի հարցերը կարգավորելու համար»։
Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով երիտասարդական կենտրոններ ստեղծելու մտադրությանը, նկատեց, որ իր մարզպետ աշխատելու տարիներին բոլոր մարզերում էլ կային նման կենտրոններ։
«Մտադիր եք ստեղծել մարզային երիտասարդական կենտրոններ: Իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչու եք փակել մարզային երիտասարդական կենտրոնները, որ մի հատ էլ նորը ստեղծեք, որովհետև համենայն դեպս իմ պաշտոնավարման շրջանում, Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերում գոյություն ունեին մարզային երիտասարդական կենտրոններ։ Հիմա դուք ասացիք, որ գոյություն ունի այս պահի դրությամբ վեց կենտրոն և նորեն եք պատրաստվում հիմնել, բայց ուզում եմ իմանալ, հներն ինչի են փակվել»։
Ի պատասխան՝ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ արդեն 5 կենտրոն գործում է, ևս 4-ը առաջիկայում կհիմնեն։ Արդեն 2026 թվականի վերջին 25 մարզային երիտասարդական կենտրոններ կգործեն երկրում։
«Սրանք որակապես այլ կենտրոններ են։ Դուք, որ ասում եք՝ ժամանակին եղել են, դրանք եղել են կենտրոնացված և ամեն մարզում մեկ կենտրոն։ Մենք ուզում ենք, որ այս կենտրոնները հենց երիտասարդական կազմակերպությունների կողմից կառավարվեն՝ ունենալով ՏԻՄ-ի և պետական լիազոր մարմիների աջակցությունը»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը կարծում է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը հեռու է իրավական որոշակիությունից և այն ավելի շատ հայեցակարգ է հիշեցնում, նպատակադրումներ։ Ըստ նրա՝ այն ավելի շատ ծրագրային փաստաթուղթ է, քան օրենք, որովհետև չի ներառում երաշխիքներ, գործիքակազմեր, և հստակ պատասխանատվությունների ու լիազորությունների սահման գրեթե չկա։
«Ներառական հասարակության տարրական սահմանումների շրջանակում բնական պիտի լիներ նախևառաջ ունենալ հայեցակարգ, ռազմավարություն, նպատակադրումներ, որից բխեցնել օրենքի նախագիծը: Դուք նախընտրել եք հակառակ կողմից գալ՝ նախ՝ ունենալ նախագիծ, հետագայում նաև ունենալ կամ չունենալ ռազմավարություն կամ հայեցակարգ»։
Արթուր Մարտիրոսյանը համաձայն է՝ նախագծում հայեցակարգային շատ կարևոր դրույթներ են ամրագրվում։ Բայց մյուս կողմից օրենքն ինքն է սահմանում հասկացությունները և տարանջատում պետական կառավարման, ՏԻՄ-երի և մյուս դերակատարների գործառույթներն ու լիազորությունները։ Քանի որ հայեցակարգային հիմնական դրույթներն այսպես, թե այնպես, ամրագրված են կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում, որոշվեց առաջնահերթությունը, այնուամենայնիվ, տալ օրենքին։