Եթե անչափ սիրում եք կրակել, ունեք մեծ սեր զենքի նկատմամբ և հրաձգային սպորտը Ձեզ համար պարզապես նախընտրելի ժամանց չէ, ապա այս մասնագիտությունը նախատեսված է Ձեզ համար:
Հրաձգային սպորտը մասնագիտություն է, որ անմիջականորեն կապված է զենքի հետ: Այն անչափ վտանգավոր և դիտարժան սպորտաձև է, որտեղ մեկտեղվում են ֆիզիկական անթերի պատրաստվածությունը, մտածված գործողությունները, հստակ կանոնները, բանականությունը, ժամանակի ճիշտ կառավարումն ու սուր զգացողությունները:
Լավ հրաձիգին բնորոշ հատկանիշներն են՝ սուր աչք, կենտրոնացում, համբերություն, ճարպկություն, ճկունություն, հավասարակշռություն, արագ կողմնորոշվելու հմտություն:
Հրաձգային սպորտը հնագույն կիրառական մարզաձևերից մեկն է, որովհետև մարդկությունը զենք օգտագործել է հնագույն ժամանակներից։ Սկզբնական շրջանում այն ծառայել է որպես կենսական անհրաժեշտություն՝ որս հայթայթելու և պաշտպանության միջոց: Ժամանակի ընթացքում հրաձգությունը զարգացավ, օգտագործվեց ռազմական նպատակներով և աստիճանաբար վերածվեց սպորտի՝ ներկայումս դառնալով ամենադիտարժան և սիրված մարզաձևերից մեկը:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արեգ Սարիբեկյանն է։