Շատ զգույշ մոտեցա՝ մտածելով, որ կարող եմ ճանաչել․ Ռաֆայել Խուդոյան․ «Կյանքին ասել այո՛»

Ռաֆայել Խուդոյանը ծնվել է 1986 թվականին Երևանում։ 2004-2006 թվականներին ժամկետային զինծառայությունն էլ անցել է Երևանում, չնայած Արցախում ծառայելու մեծ ցանկությանը։ «Տասնյոթ  տարեկանում, երբ դեռ զորակոչի ենթակա չէի, գնացի զինկոմիսարիատ ու ասացի, որ ուզում եմ ծառայել, այն էլ Արցախում։ Հարցրեցին՝ ինչո՞ւ Արցախում, ասացի, որովհետև սիրում եմ Արցախը, արցախցիներին։ Արցախում կերտվեց մեր հաղթանակը։ Ճիշտ է՝ այդ տարիներին տարիքով փոքր եմ եղել, բայց հիշում եմ, որ ամեն հաղթողի հետ մենք հաղթում էինք, հիշում եմ մեր բակերի սև ժապավենները, ամեն զոհվածի հետ մենք էլ , կարծեք, զոհվում էինք։ Ամեն դեպքում՝ ունեինք հաղթանակ ու ինքս էլ ուզում էի ունենալ  այդ հաղթանակի իմ բաժինը»,-ասում է Ռաֆայելը։

2008 թվականին պայմանագրային ծառայության է անցել ՀՀ խաղաղապահ բրիգադում, որի կազմում  խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում, մասնակցել զորավարժությունների, վերապատրաստումներ անցել եվրոպական մի շարք երկրներում։ Զորացրվել է 2015 թվականին։ Ռաֆայել Խուդոյանը  Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է, ունի հրահանգչի  միջազգային որակավորում։ Ֆեդերացիայի կողմից էլ 44-օրյա պատերազմի օրերին գործուղվեց Արցախ որպես լեռնափրկակար։

«Հասանք տեղ ու միացանք Արցախի ԱԻՆ-ի մեր տղաներին։ Ասացին, որ օգնելու կարիք կա դիահերձարանում։ Ովքեր ծառայել են Խաղաղապահ բրիգադում, ծանոթ են գերմանական  «բատինկաներին», որոնք Աֆղանստանում ծառայության համար էին նախատեսված։ Առաջին զոհերի մեջ կար նման «բատինկայով» տղա։ Շատ զգույշ մոտեցա՝ մտածելով, որ կարող եմ ճանաչել, հնարավոր է՝ Խաղաղապահի ընկերներիցս մեկը լինել, բայց չճանաչեցի»,-պատմում է Ռաֆայելը։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո բարդ ընտրության առջև էր կանգնած՝ հաշտվել  կատարվածի հետ, թե՝ ոչ։ Ընտրեց երկրորդը։ 2021-ին գտավ «Ազատազէնը», այժմ «Ազատազէն» Երևանի հրաձգարանի պատասխանատուն է։ Այն, ինչին ընկերների հետ հասել է հրաձգարանում, չհաշտվելու որոշման արդյունքն է։   

Source link

Leave a Comment