Վարչապետը տիկնոջ հետ կայցելի Գյումրի․ ի՞նչ ծրագիր ունի այս քաղաքում Փաշինյանների ընտանիքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ վաղը հյուրընկալվի Գյումրիում։

Նրանք կմասնակցեն Միքայել Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրած հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունենալու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, այնուհետ երեկոյան կունկնդրեն Գյումրու Սիմֆոնիկ նվագախմբի կատարումները։

Փաշինյանները կգիշերե՞ն Գյումրիում, վարչապետը կուսակցության գրասենյակում հանդիպում կունենա՞ տեղի ՔՊ-ականների հետ, թե՞ ոչ, այս մասին դեռ հստակ տեղեկություն չկա։

Ակնհայտ է սակայն, որ բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումը ևս մեկ առիթ է նախընտրական շրջանում գյումրեցիների հետ շփվելու, «հետփրայմերիզյան» քաղաքի մտավորականների տրամադրությունները շոշափելու, իր ելույթով նրանց վրա ազդեցություն թողնելու, ինչու չէ՝ համակրանքը շահելու, հատկապես, երբ միջոցառմանը շուրջ 700 մարդ է մասնակցելու, որոնց զգալի մասը գյումրեցիներ են՝ բնականաբար ընտրական իրավունք ունեցողներ։

Նկատենք, որ նախորդ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գիշերել էր ոչ թե Խաչատուր Սուքիասյանին պատկանող « Պլազա Վիկտորիա» հյուրանոցում, այլ վերջինից ոչ հեռու գտնվող, գործարար Արման Սահակյանին պատկանող «Շիրազ պլազա» հյուրանոցում, որն այժմ վերածվել է միջազգային հյուրանոցի՝ մտնելով «Ռեդիսսոն հոթել գրուպ» հյուրանոցային համաշխարհային ցանցի մեջ։

Հիշեցնենք նաև, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, որը ներկուսակցական ընտրությամբ՝ «փրայմերիզով» հավաքեց ամենաշատ ձայները՝ ստանձնելով Գյումրու քաղաքային իշխանության ղեկը, գործարար Արման Սահակյանի «մարդն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment