Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան — Հայաստանի Հանրային Ռադիո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացմանը՝ վարչապետը նշել է, որ դրանք ներկայումս պատմական ամենաբարձր մակարդակի վրա են։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացման կարևոր հանգրվաններից են ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթի ընդունումը, ինչպես նաև այս տարվա մայիսին Հայաստանում անցկացված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ այժմ ընթանում են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ, և՛ Եվրամիության անդամ։

Նա նշել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը և ԵԱՏՄ-ից դուրս գալը պարտադիր չէ դիտարկել որպես զուգահեռ գործընթացներ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելը չէ, և այս հարցում հայկական կողմը ցանկանում է պահպանել բարեկամական մթնոլորտը։

«Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Հուսամ՝ դա չէ Ռուսաստանի մտադրությունը։ Ես այցելելու եմ Ռուսաստան բանակցությունների համար»,-նշել է վարչապետը։

Նա նաև հիշեցրել է, որ նոյեմբերին այցելել է Ֆրանսիա, այժմ գտնվում է Իռլանդիայում, եղել է նաև Բրյուսելում՝ ընդգծելով, որ Հայաստանի հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ շարունակվում են տարբեր ուղղություններով։

Վարչապետը տեղեկացրել է, որ դեկտեմբերին Ռուսաստան կայցելի երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի հիմնական քաղաքական նպատակը երկրի համար այլընտրանքներ ստեղծելն է։

«Մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության համար այլընտրանք ստեղծելը, քանի որ երկար ժամանակ, նույնիսկ ՀԱՊԿ-ում, ընկալումն այն էր, թե Հայաստանը այլընտրանք չունի։ Հայաստանի քաղաքացիների շրջանում էլ էր այդպիսի պատկերացում ձևավորված, թե Հայաստանը այլընտրանք չունի»,-նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանը որոշ տնտեսական սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից Ռուսաստան արտահանման նկատմամբ, իսկ դրանից հետո Եվրամիությունն ընդունել էր Հայաստանի նկատմամբ առևտրային ինքնավար միջոցառումներ։

Թե որտեղ եք Հայաստանը տեսնում 20 տարուց հարցին, Փաշինյանը պատասխանել է․ «Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»։

Leave a Comment