ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում՝ Վայոց ձորի մարզում Արենի տեսակի խաղողի մթերման գործընթացում առաջացած խնդիրները լուծելու նպատակով։
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծն ու դրա հիմնավորումը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ, որով հաստատվել է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։
Ինչո՞ւ են առաջարկվում փոփոխությունները
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորմամբ խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը։
Սակայն այս տարվա մթերումների ընթացքը ցույց է տվել, որ մեծ թվով խաղողագործներ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզի խաղողագործների գերակշռող մեծամասնությունը, բերքի մթերման պայմանագրեր չունեն։
Մթերող տնտեսավարողները պատրաստ են նրանց հետ պայմանագրեր կնքել և լրացուցիչ քանակությամբ խաղող մթերել, սակայն ձեռք բերված բերքի արժեքը վճարելու համար ցանկանում են ծրագրի շրջանակում ներգրավել լրացուցիչ վարկային միջոցներ։
Ինչպե՞ս կփոխվի խաղողի մթերման վարկերի տրամադրման կարգը
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Վայոց ձորի մարզից Արենի տեսակի խաղողի մթերումների համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվի այն պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվել են մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։
Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությամբ Արենի տեսակի խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար կսահմանվի ավելի ուշ վերջնաժամկետ՝ գործող օգոստոսի 1-ի փոխարեն։
Որքա՞ն խաղող է արդեն մթերվել և ի՞նչ գնով
Հիմնավորման համաձայն՝ Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի մթերման խնդիրը հնարավոր է լուծել այն կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։ Այս պահին այդ նպատակով խաղողի մթերման ձևավորված գինը շուրջ 135 դրամ է։
2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների կազմակերպման միջոցառման մասին իրազեկվել են ոլորտի բոլոր տնտեսավարողները։ Նախագծով սահմանված ընթացակարգով մթերելու համաձայնություն է տվել միայն «Գետափի գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ն։ Ընկերությունը մթերումները սկսել է հոկտեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 7-ին դրանք ամբողջությամբ ավարտվել են։ Մթերված խաղողի փաստացի ծավալը կազմել է 2,477.785 տոննա։
Ինչպե՞ս կօգտագործվի տրամադրվող աջակցությունը
Հիմնավորման համաձայն՝ Արենի տեսակի խաղողի մթերման համար նախատեսվող աջակցությունը չի կարող դիտարկվել որպես գինու արտադրության ոլորտին տրամադրվող աջակցությունից բացի լրացուցիչ աջակցություն։
Մասնավորապես, սահմանվել է առնվազն 800 տոննա մթերման շեմ, որպեսզի գինու արտադրության ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չստեղծվեն։ Այս կարգավորման նպատակն է բացառել, որ ծրագրից օգտվեն գինու արտադրության նպատակով Արենի մթերող տնտեսավարողները։ Մթերված Արենիի ամբողջ ծավալը պետք է ուղղվի կոնյակի սպիրտի արտադրությանը։
Արտադրված կոնյակի սպիրտը կարող է շշալցվել առնվազն երեք տարի հնացումից կամ 2030 թվականից հետո։
Որքա՞ն լրացուցիչ ֆինանսական միջոցներ կպահանջվեն
Նախագծի ընդունման դեպքում Արենի տեսակի խաղողի մթերման համար տնտեսավարողների կողմից ներգրավվող լրացուցիչ վարկերի չափը գնահատվում է շուրջ 334.5 մլն դրամ։
Հաշվարկը կատարվել է՝ հիմք ընդունելով 2,477.785 տոննա մթերված խաղողի՝ մեկ կիլոգրամի դիմաց 135 դրամ արժեքը։
Այդ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար ծրագրի լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 61.4 մլն դրամ, որից 2.6 մլն դրամը՝ 2026 թվականին, 30 մլն դրամը՝ 2027 թվականին, 21.9 մլն դրամը՝ 2028 թվականին, իսկ 6.9 մլն դրամը՝ 2029 թվականին։
Միաժամանակ, Էկոնոմիկայի նախարարության տեղեկություններով՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ ծրագրի շրջանակում խաղողի մթերումների համար հաստատված հայտեր դեռևս չկան։ Ֆինանսական կառույցների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վարկերի ներգրավման հայտերի ընդհանուր գումարը շուրջ 9.6 մլրդ դրամ է։ Դրանում ներառված է նաև «Գետափի գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հայտը՝ Արենիի մթերված բերքի արժեքը վճարելու համար նախատեսված գումարով։
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման դեպքում ծրագրի շրջանակում նախատեսված սուբսիդավորման ընդհանուր չափի փոփոխություն չի ակնկալվում։ Արենիի արժեքի վճարման համար ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարն արդեն ներառված է ծրագրի ընթացիկ տարվա պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ 687.3 մլն դրամի մեջ։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լուծել ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացում, այդ թվում՝ Վայոց ձորի մարզում առաջացած խնդիրները և ապահովել մթերման ենթակա խաղողի ամբողջ բերքի մթերումը։
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ պարտավորությունները կկատարվեն Էկոնոմիկայի նախարարության 2027 թվականի բյուջեով և 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաշվարկված գումարների շրջանակում,-տեղեկացնում է Iravaban.net–ը։