Մահացել է Նորայր Մեհրաբյանը – Ազգ

85 տարեկանում կյանքից հեռացել է հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր, պարուսույց և մանկավարժ Նորայր Մեհրաբյանը:

Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին, Երևանում։ Սովորել է պարարվեստի պետական ուսումնարանում, վաղ տարիքից որպես մենապարող հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

1970 թ. հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: 1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։ Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում։

Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Խաչատրյանի «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն։ 1984-1986 թվականներին եղել է օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։

1987 թվականին Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը» և 38 տարի եղել է անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անժելեսի հայ համայնքներում։ Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրասիայում «Երազ» պարախմբերի հետ։

2022-2023 թթ․ եղել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը,

2023-2024 թթ.՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական խորհրդականը։

Պարգևներ՝

1976 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման,
2006 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի,
2011 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի,
2020 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման,
2024 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով,
2026 թ․՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Leave a Comment