Քաղաքացին՝ կուսակցությունների ու լրատվամիջոցների հովանավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացին՝ կուսակցությունների ու լրատվամիջոցների հովանավոր  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը քաղաքական ուժերի և լրատվամիջոցների ֆինանսավորման նոր մեխանիզմ է առաջարկում։ Խորհրդարան օրինագիծ է ներկայացվել, ըստ որի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սոցիալական կուտակումներից գումար փոխանցել նախընտրած լրատվամիջոցներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին․

«Այս քայլով փորձում ենք հնարավորինս անկախացնել լրատվական դաշտը մեծ կապիտալից և դրանով քաղաքացիներին մոտեցնել լրատվամիջոցներին: Նպատակ կա մոտիվացնել լրատվամիջոցներին՝ գեներացնել այնպիսի լրատվություն, որը քաղաքացիների ընկալման մեջ հավելյալ արժեք ստեղծող կլինի»։ 

Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ սա կարող է նպաստել ինչպես լրատվական դաշտի ֆինանսական անկախությանը, այնպես էլ քաղաքական մրցակցության ընդլայնմանը։ 

Նախագծի մյուս կարևոր ուղղությունը քաղաքական դաշտն է։ Աղաջանյանի գնահատմամբ՝ Հայաստանում քաղաքական մրցակցությունը շարունակում է մնալ սահմանափակ, իսկ նորաստեղծ քաղաքական ուժերի համար լուրջ խոչընդոտ է ֆինանսական ռեսուրսների անհավասար բաշխումը։ Նրա խոսքով՝ առկա իրավիճակում նոր քաղաքական ուժերը դժվարությամբ են մրցակցում մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող կուսակցությունների հետ․

«Այս նախագիծն այդ քաղաքական ուժերին կօգնի ձեռք բերել նվազագույն ֆինանսական կապիտալ, որ հնարավորություն ունենան մրցակցության մեջ մտնել»։   

Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքացիների փոքր, բայց պարբերական փոխանցումները կարող են նորաստեղծ կուսակցությունների համար ֆինանսական աջակցության այլընտրանքային աղբյուր դառնալ։ Սա, ըստ նրա, կարող է նաև նվազեցնել արտաքին ֆինանսական ազդեցության ռիսկերը։ Միաժամանակ, Աղաջանյանը հիշեցնում է, որ գործող օրենսդրությունն արդեն արգելում է կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումն արտերկրից, իսկ օրենքի շրջանցման դեպքերը իրավական տիրույթում են։

Աղաջանյանը նկատում է՝ նախագծի քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնել ընդդիմադիր ուժերին ֆինանսավորելու դեպքում ճնշումների հնարավորության մասին․ 

«Այդ մտավախություններն աբսուրդային են, որովհետև եթե իրավապահ համակարգը նպատակ դնի ի հայտ բերել բոլոր նրանց քաղաքական հայացքները, որոնք իրենց  հետաքրքիր են, նրանք ունեն այդ գործիքակազմը»։

Սակայն նախաձեռնության առաջարկած մեխանիզմը միանշանակ չի գնահատվում։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը կարծում է՝ փոքր կուսակցություններին աջակցելու հարցում պետությունը պետք է ոչ թե ֆինանսավորման այսպիսի մեխանիզմ առաջարկի, այլ ինքն ստանձնի նրանց աջակցելու պատասխանատվությունը․

«Առանց այս էլ կուսակցություններն իրավունք ունեն նվիրատվություններ ստանալ։ Եթե կառավարությունն իսկապես ցանկանում է նպաստել փոքր կուսակցությունների կայացմանը, թող ինքը որոշակի գումար հատկացնի, հետո հաշվետվություն տա, թե ինչ արդյունավետությամբ է ծախսվում»։

Նշենք՝ այս նախագիծը քննարկվելու է հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ նստաշրջանի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment