ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Քրեական օրենասգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել օրենսգրքի որոշ հոդվածներ։
«Քրեական օրենսգրքով» քրեական պատասխանատվություն է նախատեսված մինչև 16 տարեկան անձանց սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար։ Ընդ որում՝ առաջին անգամ հանցանք կատարած անձը որոշակի պայմանների դեպքում կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե համագործակցում է իրավապահ մարմինների հետ, ընդունում է իր արարքը և հատուցում պատճառված վնասը։ Օրենքով որոշ դեպքերում նման հնարավորություն նախատեսված է նաև ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար։
Նախագծով առաջարկվում է սահմանափակել այդ հնարավորությունը։ Մասնավորապես, նախատեսվում է, որ երեխայի նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը առաջարկվող փոփոխությունները հիմնավորեց նրանով, որ 16 տարին լրացած լինելը դեռ չի նշանակում, որ երեխան կարող է ներգրավվել իր համար վտանգավոր գործունեության մեջ ։
«Քանի որ պոռնկությունը վնասում է երեխայի բարոյականությունը, առողջության ու լիարժեք զարգացմանը, նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար»։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը։
«Երբեմն համացանցում հանդիպում ենք անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մասին հրապարակումների, որոնց դեպքում բռնարարը չի ենթարկվում քրեական պատասխանատվության, քանի որ բռնության ենթարկված անչափահասի հետ հաշտություն է կնքվել կամ անչափահասը հետագայում այլ ցուցմունք է տվել։ Նման իրավակիրառ պրակտիկայում ավելի քան երկու տասնյակ դեպքեր կան»։
Արմեն Մկրտչյանը նշեց, որ ավելի խիստ պատասխանատվություն կնախատեսվի այն դեպքերում, երբ անձն օգտվի 12 տարին լրացած, սակայն 16 տարին չլրացած երեխայի սեռական ծառայությունից։
«Սա չի հանդիսանում անձնական կյանքին միջամտություն, քանի որ 16-18 տարեկան անձանց նման ծառայություններից օգտվելը վնասում է նաև հանրային բարոյականությանն ու սոցիալական հարաբերություններին»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք վիճակագրություն, թե նման գործերից քանիսն են կարճվում տուժողի հետ հաշտության հիմքով։
«Ի՞նչ հանգամանքներով են, առհասարակ, պայմանավորված հաշտության դրվագները, որովհետև ինձ մտահոգում է, որ հատկապես համայնքային շրջանակներում ամոթի գործոնը դերակատարություն է ունենում»։
Նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը համաձայն էր պատգամավորի դիտարկման հետ. «Այո՛, մեր վերլուծությունները ցույց են տվել, որ հաշտության դեպքերը պայմանավորված են նաև Ձեր նշած հանգամանքներով։ Այդ հաշտությունները հետագայում, կարծես թե, ավարտվում են, այսպես ասած, ամուսնություններով կամ վաղ ամուսնություններով, ինչը, ըստ էության անթույլատրելի է»։
Առաջարկվող կարգավորմամբ՝ երեխայի նկատմամբ սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պետք է ամբողջությամբ բացառվի ինչպես տուժողի հետ հաշտվելու, այնպես էլ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։ Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ մեխանիզմներ կամ գործիքներ են նախատեսված այն դեպքերի համար, երբ անհրաժեշտություն է առաջանում երեխային պաշտպանելու սեփական ծնողներից։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյան. «Եթե դեպքը տեղի է ունեցել ընտանիքում, ապա ընտանեկան բռնության հետ կապված ունենք ավելի զգայուն և ավելի խիստ պաշտպանական միջոցներ նախատեսող հոդվածներ։ Այս դեպքում պատժի սանկցիան, նշեմ ձեզ, 5-ից 10 տարի է»։
ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանին հետաքրքրում էր, թե առաջարկվող նախագծով ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում երեխայի սեռական ծառայությունից օգտվելու համար, և արդյո՞ք օրենքով արգելվում է նաև նման ծառայություն մատուցելը, եթե անձի 16 տարին լրացած է և այդ գործունեությամբ զբաղվում է սեփական կամքով։
Փոխնախարարը ներկայացրեց գործող օրենսդրական կարգավորումն այս հարցի վերաբերյալ․ «Այս իմաստով՝ 16-ից 18 տարեկան անչափահասի կողմից պոռնկությամբ զբաղվելը քրեորեն հետապնդելի արարք չէ։ Մեր նոր առաջարկն այն է, որ չափահաս անձի կողմից այդ ծառայությունից օգտվելը քրեական պատասխանատվություն առաջացնի, քանի որ նա ունի գիտակցական ավելի բարձր մակարդակ։ Ընդ որում, ինչպես նշեցի, 12-ից 16 տարեկանների դեպքում նախատեսվում է պատասխանատվության խստացում»։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական փոփոխությունների նախագծին։Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը։