
«Որոշում է ընդունվել Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը նախագահում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ստորագրվեց19 փաստաթուղթ։ Նիստի հրապարակային հատվածում, սակայն, Հայաստանի մասին ոչ մի բառ չասվեց։
Այսօր ավելի վաղ Պեսկովը ասել էր, որ «Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին և կազմակերպությունը կարձագանքի»։
«Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հետաքրքրությունը»,- հիշեցրել էր Պեսկովը՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետի խոսքերը։
Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։
2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։
Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման Ռուսաստանի առաջարկի մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»:
Ամիսներ առաջ էլ Փաշինյանն ասել էր, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն էլ արձագանքել էր, որ Հայաստանը փորձում է սեփական որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա՝ ընդգծելով, որ երկիրը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։