Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակվում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ոլորտային հատկացումների ներկայացման ժամանակ առանցքային թեմաներից էր TRIPP նախագծի իրականացումն ու դրան առնչվող ֆինանսական խնդիրները։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա բյուջեում գումարներ դեռ նախատեսված չեն։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարն էլ հայտարարել է, որ առաջիկայում որոշ ենթակառուցվածքների մասով աշխատանքերը կսկսվեն։ Քննարկումների առանցքում են եղել նաև էներգետիկ անվտանգության հարցերը՝ ներառյալ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը, նոր ռեակտորների հնարավոր տեսակները և Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի ինտեգրման հեռանկարները։
2027 թվականի պետական բյուջեում TRIPP նախագծի համար գումար նախատեսված չէ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում պարզաբանեց, թե ինչու․
«Ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացվի ստեղծված ընկերության միջոցով։ Քանի որ նախագիծ դեռ չկա և հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ տեսք է ունենալու ճանապարհը և որ հողակտորներն են, որ պետք է գերակա շահ ճանաչվեն, հետևաբար մենք դրա համար էլ չունենք նախատեսված բյուջե»։
Վահե Հովհաննիսյանն ընդգծեց՝ երբ աշխատանքները ավարտվեն, միջոցներ կտրամադրեն։

«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյան․ «Անհնար է, որ ՀՀ-ն գումար չծախսի, թեկուզ միայն հողերը գերակա շահ ճանաչելու, գնելու համար։ Անհնար է, որ թեկուզ 1000 դրամ չծախսվի։ Որովհետև մենք հասկանում ենք, որ TRIPP-ը մենակ երկաթուղին չէ, մի մետր այս կողմ, մեկ մետր՝ այն կողմ։ Ինքը էական տարածք է՝ անվտանգություն է, սպասարկում է»։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց, որ «TRIPP զարգացման ընկերության» ֆինանսավորման հաշվին պետք է ստեղծվեն ենթակառուցվածքները․
«Բայց պետք է ուրախությամբ ասեմ, որ առաջիկայում կմեկնարկենք որոշ ենթակառուցվածքների մասով նախագծման աշխատանքները, որոնց մասով ֆինանսական միջոցներ անհրաժեշտ են, բնականաբար ոչ այն ծավալով, որքան՝ շինարարության փուլում։ Կոնկրետ՝ ո՞ ր ենթակառուցվածքների մասով՝ այս պահին ուսումնասիրության վերջնական փուլում է։ Այդ մասին հրապարակային կհայտարարենք»։

Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են համագործակցել նաև էներգետիկ ոլորտում։ Երկու երկրների էներգահամակարգերի ինտեգրումը պետք է ապահովի էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտուրն ու տարանցումը։ Սա նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի մաս է կազմում։ Այդ նախագծերով էլեկտրաէներգիան Ադրբեջանից Հայաստանի տարածքով կարող է հասնել Նախիջևան և Թուրքիա։
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է տասը տարով։ Այդ ընթացքում ՀՀ կառավարությունը պետք է որոշի՝ փոքր մոդուլայի՞ն, թե՞ մեծ ատոմակայան պետք է կառուցել։ Օրերս ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ «Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մի մասը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն այս հայտարարության վերաբերյալ հարց ուներ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին․
«Կասպից ծովից մինչև Եվրոպա ընկած տարածքում միակ ոչ կանաչ էներգետիկան՝ ատոմակայանը մերն է։ Ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են ճնշումները ատոմակայանը փակելու ուղղությամբ»։

Ի պատասխան՝ Դավիթ Խուդաթյանն ընդգծում է․
«Հայաստանի վրա չկան ու չեն կարող լինել ճնշումներ՝ ատոմակայանի մասով։ Մեր ատոմակայանը ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան ատոմակայան է։ Ատոմակայանի պահպանությունը իրականացվում է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությամբ»։
Հայաստանը շուրջ 1,5 տարի առաջ լրջորեն հետաքրքրված էր փոքր մոդուլային ռեակտորներով, քանի որ այդ տեխնոլոգիան ավելի նոր է, միևնույն ժամանակ էներգետիկ համակարգում այդ քանակի էլեկտրաէներգիայի անհրաժեշտություն կար՝ հիշեցնում է Խուդաթյանը։
Բայց հիմա, ըստ նախարարի, Հայաստանը հետաքրքրված է ոչ միայն փոքր ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով, իսկ մոդելի ընտրությունը պայմանավորված է դրա արժեքով, քանի որ դա էական ազդեցությունն է ունենալու ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վրա: